Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մեկնարկեց Ս. Երրորդություն եկեղեցու բակային ճամբարը

«Ճամբարականնե՛ր, հավսար, զգաստ», - հնչում է հրահանգն, ու 40 երեխա միասնաբար «Հայր մեր»-ն ասելուց հետո անցնում են ճամբարային առօրյային: Ս. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամների մոտ 7-օրյա ճամբարի յուրաքանչյուր օրը հստակ գրված և կանոնակարգված է: Սկզբում երեխաները բուժզննում են անցնում ու միայն դրանից հետո շարունակում իրենց օրը ճամբարում:


Ս. Երրորդության եկեղեցու երիտասարդաց միության անդամները եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ երեխաների համար փորձել են կազմակերպել ուսուցողական ու միևնույն ժամանակ ակտիվ ճամբարային առօրյա:


Հոգևոր դասեր, բակային խաղեր, մուլտերի դիտում, ազգային պարերի ուսուցում. սա դեռ ամենը չէ: Երեխաները կմասնակցեն նաև ժամերգությունների ու կծանոթանան եկեղեցու առօրյային:


Երիտասարդների հիմնական նպատակն է երեխաների մեջ արթնացնել հոգևոր և ազգային արժեքներ, քարոզների միջոցով երեխաների ուղղորդել դեպի եկեղեցի, պարերի միջոցով ծանոթացնել հայկական մշակույթին:


«Ս. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները սիրով ողջունում են ձեզ»: Օգոստոսի 1-ին Ս. Երրորդություն եկեղեցու բակում այս խոսքերով դիմավորեցին 40 ճամբարականներին, որոնց համար այս 7 օրը կլինի եկեղեցու մի մասնիկը դառնալու առաջին քայլերից մեկը:


Ճամբարի վերջում երեխաները կմասնակցեն «Հրաժեշտ ճամբարին» միջոցառմանը, որից հետո ուխտագնացություն կկատարեն դեպի Էջմիածին:

 

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 293 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք