Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Հավատ և սեր» կազմակերպության սաները մկրտվեցին, որպեսզի լցվեն հույսով

Հոբելյանական 10-րդ տարում «Հավատ և սեր» ցերեկային կենտրոնի 112 մկրտված երեխաներին կմիանան ևս 15-ը։

 

«Հավատ և սեր» կազմակերպությունը զբաղվում է սոցիալապես անապահով, հաշմանդամ, ծնողազուրկ երեխաների բուժ-առողջապահական խնդիրներով, ուսուցմամբ, նրանց ապահովում է սննդային փաթեթներով ու հագուստներով։ Արդեն 10 տարի անընդմեջ կենտրոնի չմկրտված սաները հնարավորություն են ստանում մկրտվել և դառնալ Հայ Եկեղեցու լիարժեք անդամ։  

 

«Մեր հետագա պլանների մեջ մտնում է, որ մեր կազմակերպությունը փակվի և այլևս հաշմանդամ երեխաներ չլինեն», - ասում է կազմակերպության հիմնադիր տնօրեն Ալբերտ Խաչատրյանը։

 

Այս տարի հուլիսի 20-ին ԱՀԹ Ս․ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ հոբելյանական 10-րդ մկրտության արարողությունը, որին փոքրիկ նվերներով ու անակնկալներով արդեն մի քանի տարի աջակցում է նաև «Ճշտիկ-Պստիկ մանկական աշխարհ» խանութ-սրահը։

 

«Մկրտությունը շատ մեծ խորհուրդ ունի ինձ համար։ Այսօր մեր երեխային՝ Գայանեին, ով աչքի տեսողական խնդիր ունի, հանձնում ենք Աստծուն, որ պահապան լինի մեր քրիստոնյա բալիկին», - ասում է մկրտվող երեխաներից մեկի տատիկը։

 

Երբ հարցնում են կնքահորը, թե ինչ է ցանկանում երեխան, նա պատասխանում է. «Հավատ, հույս, սեր և մկրտություն»։ «Հավատ և սեր» կազմակերպությունն այսօր 15 երեխայի ևս օգնեց մկրտվել և հույս ունենալ՝ բժշկվել, մեղքերից սրբվել և Աստծուն ծառայել։

 

Նախշ Ավոյան

 

Մկրտություն Մկրտություն Մկրտություն
Դիտվել է 618 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք