Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Օտար էի և ինձ ձեզ մոտ առաք» (Մատթ. 25:35)

Շենքի երկրորդ հարկում ապրում է Եպրաքսյա տատը, չորրորդում՝ Օֆելյա տատը, հինգում՝ մեկ ուրիշը, վեցում, յոթում…ու այսպես շարունակ։ Այս շենքը կոչվում է «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»։


«Եթե մի շենքում էդքան շատ տատիկ ա ապրում, ուրեմն ես շենքի անունը կդնեի կոնֆետների տուն, որովհետև իմ տատիկն ինձ միշտ կոնֆետ ա տալիս», - ժպտալով ասում է Գրիգն ու արագ-արագ ուտում սեղանի կոնֆետները։


Իրենց բաժին կոնֆետը ստացան նաև մարտի 28-ին կենտրոն այցելած Ս. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները։ Ամեն չորեքշաբթի երիտասարդները հոգևորականի ուղեկցությամբ այցելում են այս կենտրոն, զրուցում բնակիչների հետ հոգևոր թեմաներով։


«Ես զգում էի, որ էսօր պիտի անպայման տեսնեի նրանց։ Այս երիտասարդներն իմ հոգին ուրախացնում են, ես երջանկանում եմ։ Ամեն կիրակի գնում եմ եկեղեցի, բայց միշտ հոգևոր զրույցների կարիք ունեմ։ Մամաս միշտ աղոթքների միջոցով էր մեզ խրատում։ Ես Աստծո պահածն եմ,- ասում է Եպրաքսյա տատն ու դարակից հանում կոնֆետները, - մինչև չուտեք` չեք գնա, եթե չեք ուտում` վերցրեք, մեկին կտաք։


Նույն ժամանակահատվածում, շենքի չորրորդ հարկում, Օֆելյա տատը հյուրերին ճանապարհելուց հետո անցել է իր առօրյա կյանքին. հեռուստացույց է դիտում, աղոթում ու անհանգստանում, թե ինչպես են տղաներն ու թոռները։ Իսկ այցելուներին խորհուրդ է տալիս այնպես ապրել, որ ծերանալով՝ չփոշմանեն ապրածի համար։


«Քրիստոս ասում է. «…քաղցած էի, և Ինձ կերակրեցիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք… մերկ էի, և Ինձ հագցրիք…» (Մատթ. 25:35-36): Եվ երբ աշակերտները զարմանում են, թե երբ է այդպիսի բան եղել, Նա պատասխանում է, որ եթե կարիքավորներից որևէ մեկին այս բաներն անենք, ապա կարող ենք համարել, որ Նրան ենք արել։ Կենտրոնի բնակիչները սիրով են սպասում մեզ։ Այս գործը յուրաքանչյուրիս համար աստվածահաճո առաքելություն է։ Սա ևս մեկ քայլ է դեպի Աստված տանող ճանապարհին», - ասում է Ս. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Հարությունը։


Կենտրոնի տնօրենի խոսքերով՝ բնակիչները մեծ սիրով են սպասում հոգևորականներին և երիտասարդներին: Նա ընդգծեց, որ քահանայի այդ այցելություններից հետո նրանց վարքի մեջ հանգստություն է նկատվում։


Շենքը կոչվում է «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն», սակայն եթե յուրաքանչյուրս հետևենք «Օտար էի և ինձ ձեզ մոտ առաք» (Մատթ․ 25:35) խոսքին, ապա «օտարը» կդառնա հարազատ, իսկ միայնակ տարեցների շենքը՝ «կոնֆետների տուն», որտեղ տատիկներն ու պապիկները շրջապատված կլինեն թոռնիկներով։



Հասմիկ Թամամյան

Դիտվել է 1196 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք