Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տաղավար տոներ

Արարատյան Հայրապետական թեմի Կանա քրիստոնեական, կրթական կենտրոնի մանկական կիրակնօրյա դասընթաց-հանդիպումների շարքում այս անգամ երեխաներին ներկայացվեցին տաղավար տոները: Հանդիպումը վարում էր Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը:

 

Տեր հայրը երեխաներին բացատրեց, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի հինգ տաղավար տոն: Առավել մանրամասն ներկայացվեցին Հարության և Աստվածհայտնության տոները՝ կարևորելով Քրիստոսի ծննդյան պատմությունը, մկրտությունն ու հայտնությունն ամբողջ աշխարհի համար:

 

«Հունվարի վեցին տոնում ենք Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Գիշերահավասարից հետո առաջին լրիվ լուսնի առաջին կիրակի օրը կտոնենք Հարության տոնը՝ Ս. Զատիկը, որից հարյուր օր հետո՝ Վարդավառը: Օգոստոսի 15-ին մոտակա կիրակի օրը կտոնենք Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը, իսկ սեպտեմբեր 14-ի մոտակա կիրակի օրը՝ Ս. Խաչի տոնը», - նշեց Տեր Տաճատը:

 

Քահանան նախ երեխաներին ներկայացրեց, թե ինչպես է կատարվում տնօրհնեքը և ինչ նշանակություն ունի՝ նշելով, որ Տնօրհնեքի արարողություն կատարվում է Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո:

 

Քահանան բացատրեց նաև, որ «տաղավար» բառը նշանակում է վրան և նախկինում Եբրայեցիների տաճարը, խորանն անապատում եղել է վրանը. նաև տաղավարը կավից շինված մի վայր է եղել, որի մեջ հավաքվում էին տոներին:

 

ԱՀԹ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում:



Պատրաստեց Նարե Ոսկանյանը

Կանա Կանա Կանա
Դիտվել է 322 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք