Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Անդրանիկ Մարգարյանի համար աշխարհը սկսվում ու ավարտվում էր Հայաստանով». Նավասարդ Սրբազան

Հունիսի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ աքրեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի:

 

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այրեր, պատգամավորներ, Անդրանիկ Մարգարյանի հարազատներն ու ընկերները:


Դիմելով ներկաներին` Նավասարդ Սրբազանը մասնավորաբար ասաց.


«Մեծարգո նախագահ, Մարգարյան ընտանիքի սիրելի անդամներ և ներկաներ,
Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձն է: Խորհրդավոր և աննախընթաց օր է. նրա զավակը երդմնակալության արարողությամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ուստի Անդրանիկ Մարգարյանի շիրիմին այցելությունն առավել արժևորվում է հատուկ հանձնառությամբ, որը ոչ միայն Տարոն Մարգարյանին է վերաբերում, այլ նաև յուրաքանչյուրիս: Տարին երկու անգամ գալիս ենք այստեղ ու մեր խոնարհումն ենք բերում Անդրանիկ Մարգարյանի անմոռաց հիշատակին: Սա այն դեպքն է, երբ ինչքան տարիներն անցնում են, Անդրանիկ Մարգարյանի կերպարը ոչ միայն չի թառամում, այլ դառնում է ավելի մշտանորոգ, և նրա հետ մտավոր հաղորդակցության պահանջն ավելի հաճախ ենք զգում։


Աշխարհն Անդրանիկ Մարգարյանի համար սկսվում ու ավարտվում էր Հայաստանով: Նա ազգային գաղափարախոսության կրողն էր, ջատագովն ու քարոզիչը: Հայկական էթնոսով սկզբնավորված իր գաղափարախոսությունն ամբողջանալով` բարձրագույն գագաթնակետին հասավ ազգային ինքնության տեսլականով, որը երիտասարդ սերնդին թողեց որպես ժառանգություն, պատգամ ու հորդոր:
Նրա շիրիմին այցելությունն առիթ է, որ մենք մտովի հաղորդակցվենք իր հետ, զգանք իր հոգու ջերմությունը, որն անսահմանորեն նվիրեց իր մտերիմներին, ընկերներին և մեր ժողովրդին:


Հետադարձ հայացք գցելով մեզ համար չխամրող և միշտ լուսավոր իր կերպարին՝ պիտի կարողանանք վերարժևորել մեր առաքելությունը՝ կառուցելով ապահով, զարգացող և անվտանգ Հայաստան:


Սա է այսօրվա պատգամը յուրաքանչյուրիս՝ Անդրանիկ Մարգարյանի զինակիցներին, ընկերներին, գաղափարական հետևորդներին. այն ազդակ թող դառնա առավել պատասխանատվությամբ ու միասնաբար գործելու, մեր պետության, ազգի, ժողովրդի ճանապարհին հանդիպած բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար:
Շնորհը, սերն ու խաղաղությունը թող լինեն ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Ամեն»:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Անդրանիկ Մարգարյան Անդրանիկ Մարգարյան
Դիտվել է 291 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք