Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ֆիլմ, որը ստիպում է Հայրենիքդ գտնել ու գրկել քո ներսում

Դեկտեմբերի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ռեժիսոր Կարեն Մկրտչյանի «Հողս գրկեմ, է˜, գրկեմ» ֆիլմի ցուցադրությունը: Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը ցուցադրությունից առաջ Տերունական աղոթքով սկսեց հանդիպումը: Ներկա էին նաև ստեղծագործական ու դերասանական խմբի անդամները:


«90-ականներն էին գալիս: Երկրաշարժը քիչ էր, հարևան թշնամին էլ վրա էր տվել: Բայց էս պատմությունը պատմենք սկզբից… Անունս Անդրանիկ ա: Գյուղում սիրուն Անդո են ասում: Ուրախանում եմ…»: Սրանք ֆիլմի գլխավոր հերոսի` Սիրուն Անդոյի խոսքերն են, որոնցով սկսվում է ֆիլմը… Նա հաշմանդամություն ունի, չի խոսում… Չի խոսում, բայց պատմում է իր շուրջ ծավալվող իրադարձությունների, մարդկային հարաբերությունների ու հրաշքների մասին: Հրաշքներ, որոնք ստեղծվում են մարդկային ճիշտ փոխհարաբերությունների, նվիրումի ու անձնազոհության գնով…



Սկսվում է ֆիլմն ու դիտողին վերցնում, տանում 90-ականների Հայաստան, սահմանամերձ գյուղ… Անցկացնում է Մայր հողին կառչած հայ մարդու սրտի միջով, ապրեցնում նրա հոգսով, բայց ստիպում հավատալ լուսավորին, գեղեցիկին ու նվիրականին ու զգալ հողդ գրկելու կարիքը… Ամեն օր քայլում ենք մեր երկրում, բայց հողի հետ մեր կապն այնքան էլ ուժեղ չենք զգում երբեմն։ Խոսքն ասֆալտով սահմանազատված կամ մեզանից մեկուսացված հողի մասին չէ: Խոսքը մեր ներսում բնակվող մայր հողի մասին է: Հող, որը վաղուց չենք գրկել…



Ֆիլմը մտնում է ներսդ ու սկսում փորփրել, թե որտե՞ղ ես դու, ի՞նչ ես արել, ինչպե՞ս ես վերաբերվում հայրենիքիդ, հողիդ, քո շուրջն ապրող մարդկանց… Մտնում է ներսդ որպես ուսուցիչ` բացահայտելով մարդկային գեղեցիկ ու ջերմ հարաբերությունների կարիքդ։



Ֆիլմը պատմում է իրողությունների մասին, որոնք քննարկման ենթակա չեն, իրողություններ, որոնց շուրջ պետք է խոկալ։

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Ֆիլմի ցուցադրություն Ֆիլմի ցուցադրություն Ֆիլմի ցուցադրություն Ֆիլմի ցուցադրություն Ֆիլմի ցուցադրություն Ֆիլմի ցուցադրություն
Դիտվել է 709 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք