Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նավասարդ Սրբազանն օրհնեց Արարատյան Հայրապետական թեմի մանուկներին

Մարտի 20-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: 
 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Եսայի քահանա Արթենյանն էր: Դպրաց դասի մասը կատարում էր «Մանկունք» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Հայրապետյան):


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակված է մանուկների օրհնության օր, քանի որ մանուկներն էին, որ տաճարում Հիսուսին ողջունեցին՝ աղաղակելով. «Օվսաննա, օրհնություն Դավթի որդուն»:


Ս. Պատարագի ընթացքում Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ հավատացյալներն ընդհանրական աղոթք առաքեցին առ Բարձրյալն Աստված, ապա Սրբազան հայրն օրհնեց մանուկներին:


Դիմելով ներկաներին` Սրբազան հայրը մասնավորապես ասաց. «Սիրելի հայորդիներ, այսօր տոնում ենք Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որտեղ ցնծացողնեըը Նրան դիմավորեցին իբրև մեսիայի, Ով պետք է իրենց ազատեր բռնազավթողներից: Բայց Քրիստոս եկել էր թագավորելու ոչ թե նրանց ակնկալիքների աշխարհում, այլ` նրանց սրտերի վրա:


Հիշենք երանիների պատգամը` «Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք պիտի Աստծուն տեսնեն»: Այս երանին գործում է մանուկների կյանքում և իբրև օրինակ առաջնորդում է մեզ` կառուցելու մեր կյանքը` Տիրոջ մեկ այլ պատգամով ևս. «Եթե չլինեք այս երեխաների նման, երկնքի արքայություն չենք մտնի»:


Երուսաղեմում ակնկալում էին աշխարհիկ առաջնորդի, սակայն հանդիպեցին Արքային, ով իշխում է սրտերի վրա: Չստանալով իրենց ակնակալած քաղաքական առաջնորդությունը` մի քանի օր անց այդ նույն ոգևորությամբ պահանջեցին խաչել Քրիստոսին:


Այսօրվա տոնի խորհուրդը Հիսուսի խոնարհությունն է, Ով ավանակի վրա նստած՝ մտավ Երուսաղեմ: Նույն խոնարհությամբ Աստված կարող է տիրել մեր սրտերին, եթե մանուկների նման մաքուր ու ջինջ սրտով ընդունենք Քրիստոսին: Եվ Տիրոջ անունը մեր հոգիներում կբաբախի ուժգնությամբ` զորացնելով Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մեր սպասումը»:


Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրն օրհնեց «Մանկունք» և «Հրեշտակներ» մանկական երգչախմբերի անդամներին: Թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը թեմի կողմից խորհրդանշական նվերներ հանձնեց նրանց:


Ծաղկազարդի առթիվ թեմի բարեգործական ծրագրերի բաժինը շուրջ 200 փաթեթ է նվիրել սոցիալապես անապահով երեխաներին և այն մանուկներին, ովքեր մասնակցել են թեմական տոնակատարություներին:


Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց Դռնբացեքի արարողությունը: Այն միշտ կատարվում է Ծաղկազարդին՝ երեկոյան ժամերգության ավարտին և խորհրդանշում է նախամուտքը, որն ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 2 3 4 5
Դիտվել է 651 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք