Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Եկեղեցուց դեպի բանակ. սկսվել է ամառային զորակոչը

«Ամենակարող Տե´ր, Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, տուր ինձ վճռականություն՝ սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինել»: Թող այս աղոթքն անդադար հնչի յուրաքանչյուր հայորդու մտքում, երբ երդվում է ծառայել Հայաստանի Հանրապետությանը և երբ իրականացնում է այն:

 


Հայրենիքի պաշտպանության և այն խաղաղության մեջ պահելու գաղափարը յուրաքանչյուր հայի մոտ առաջնային տեղ է գրավում, սակայն այդ խաղաղությանը հասնելու համար բազում կռիվներ են մղվել ու բազում հայորդիների արյուն է թափվել: Խաղաղության հասնելու համար պետք է կռվել, անկախ հայրենիք ունենալու համար պետք է պայքարել:
Այդ պայքարի մեջ են ծնվել այսօրվա քաջ հայորդիները և նախնիների պայքարը շարունակելու պատրաստակամությամբ` շարունակում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:

 


Հնում մարտիկները պատերազմ մեկնելուց առաջ ստանում էին հոգևորականի օրհնությունն ու Սուրբ Հաղորդություն: Մարտից առաջ զորքն օրհնելն ընդունված կարգ էր, և այժմ էլ մինչ ծառայության անցնելը հայ զինվորներից շատերը գալիս են եկեղեցի և օրհնություն ստանում:

 


Սկսվել է ամառային զորակոչը, և Արարատյան Հայրապետական թեմի մի քանի եկեղեցիներում արդեն կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ:

 


Հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է, որի շուրջ ժողովուրդն ու եկեղեցին համախմբված են եղել թե՛ անցյալում, թե՛ այժմ: Հայ ժողովուրդն ապացուցում է, որ հայրենիքի համար մղվող պայքարում հաղթում է ոչ թե զենքը, այլ` հզոր հավատը: Եվ ահա հավատով զինվելու համար է, որ յուրաքանչյուր զորակոչից առաջ ապագա զինվորը գալիս է եկեղեցի՝ հավատը որպես զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու համար:

 


Բոլորիս մաղթանքն է, որ ծառայության տարիները թեթև ու խաղաղ անցնեն, որ զինվորյալ մեր Արեգակները փառքով վերադառնան տուն:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Զորակոչ Զորակոչ Զորակոչ
Դիտվել է 521 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք