Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու առաջին ամառային ճամբարի ամփոփումը

«Բարի գալուստ Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակային-հոգևոր ճամբար»: Օգոստոսի 8-ին այս բառերով առաջին անգամ փոքրիկ ճամբարականներին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցում:


Մեկ շաբաթ տևողությամբ ճամբարն իր շուրջը հավաքեց շուրջ 240 երեխա: Եթե ամառային արձակուրդներին եկեղեցու բակում տեսնում ենք մեծ թվով երեխաներ, ովքեր ինտելեկտուալ խաղեր են խաղում, ձեռքի աշխատանքով և նկարչությամբ են զբաղվում, ուրեմն վստահ կարելի է ասել, որ նրանք մասնակցում են հոգևոր ճամբարի:


Ս. Հովհաննես եկեղեցու ճամբարային ծրագրում ներառված էին հիմնականում ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաներ, ովքեր այդ 7 օրերի ընթացքում բաժանված լինելով տարբեր ջոկատների, խաղերից բացի սովորեցին նաև շարականներ և եկեղեցու 5 տաղավար տոների մասին պատմություններ:


Ճամբարային շաբաթվա ավարտը համընկավ Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի հետ: Փակման միջոցառումը սկսվեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի և Տ. Երվանդ քահանա Բաբայանի օրհնությամբ ու բացման խոսքով: Երեխաներին ոգևորելու և շնորհավորելու էին եկել նաև Արտաշատի փոխքաղաքապետը, մանկավարժներ և տնօրեններ:


Միջոցառման ընթացքում ճամբարականները հնարավորություն ստացան մկրտվել և Ս. Սեղան բարձրանալ: Իսկ Պատարագի վերջում մասնակիցները պատվոգրեր ստացան՝ հույս հայտնելով ևս մեկ անգամ մասնակցել նմանատիպ նախաձեռնության: Ճամբարի ընթացքում երեխաների հետ որպես կազմակերպիչներ աշխատում էին Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդները, Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու «Մասիս» երիտասարդաց միության անդամները և Արարատի տարածաշրջանի քոլեջի երիտասարդները:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ նմատատիպ ճամբարներ ամռան ընթացքում կազմակերպվում են նաև թեմի մյուս եկեղեցիներում: Հոգևոր ուղղվածությամբ բակային ճամբարներ այս տարի թեմում կազմակերպվեցին Դավթաշենի Ս. Նահատակաց, Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ, Մասիսի Ս. Թադեոս, Նոր Նորքի Ս. Աստվածածին, Մարմարաշենի Ս. Գևորգ և այլ եկեղեցիներում։ Բացի եկեղեցուն կից կազմակերպվող բակային ճամբարներից, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը Սևանի ափին ճամբարային ծրագիր էր նախատեսել նաև հաշմանդամություն ունեցող 22 երեխայի, կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքի անապահով ու բազմազավակ ընտանիքների շուրջ 40 մանուկների համար:


Ճամբարում երեխաները հանգստին ու խաղերին զուգահեռ մասնակցեցին նաև հոգևոր թեմաներով զրույցների: Այս ծրագիրը թեմում իրականացվում է արդեն հինգերորդ անգամ, որին համայնքի անդամների հետ մշտապես մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաներ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից:


Բակային ճամբարներն ունեն թե՛ մարզական, թե՛ կրթադաստիարակչական նշանակություն։ Այստեղ երեխաները սովորում են աղոթքներ, շարականներ, ծանոթանում աստվածաշնչյան հոգևոր պատմություններին: Եկեղեցիների երիտասարդաց միությունների կողմից կազմակերպվում են ինտելեկտուալ և սպորտային խաղեր, երգուպարի ուսուցում:


Եկեղեցուն կից ամառային ճամբարները հնարավորություն են տալիս երեխաներին իրենց արձակուրդները հնարավորինս օգտակար անցկացնել, նոր ընկերներ ձեռք բերել, ուրախ և հագեցած առօրյա ունենալ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Ճամբար Ճամբար Ճամբար
Դիտվել է 870 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք