Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բարեգործությունը՝ սիրո դրսևորում

Ինչպե՞ս լինել օրինակելի քրիստոնյա կամ ինչպե՞ս հաճելի լինել Աստծուն։ Գրեթե յուրաքանչյուր քրիստոնա իր կյանքի ընթացքում մտածում է այս հարցերի շուրջ, որոնց պատասխանը գեղեցիկ ու շատ հստակ տալիս է Ս. Անտոն Մեծը. «Աստծո համար ամենահաճելի գործերը սիրո գործերն են»:
Աստվածահաճո գործերը կարող են ունենալ տարբեր դրսևորումներ, որոնցից մեկը բարեգործությունն է։


Այս մտածումն ունենալով՝ կանադաբնակ բարերարի նախաձեռնությամբ և ԱՀԹ Բարեգործական գրասենյակի աջակցությամբ մոտ 90 երեխա ստացավ նվեր-փաթեթներ հագուստի, գրենական պիտուքների և անհրաժեշտ այլ իրերի տեսքով։


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ բարեգործական միջոցառումները տեղի ունեցան հոկտեմբերի 9-ին՝ Դավիթաշենի և հոկտեմբերի 12-ին՝ Նուբարաշենի Ս. Նահատակաց անունը կրող եկեղեցիներում։
Դավիթաշենում նվեր-փաթեթները տրվեցին եկեղեցուն կից գործող «Հովհան Ոսկեբերան» դպրոցի 29 սաներին, իսկ Նուբարաշենում՝ տեղի անապահով ընտանիքների 60 երեխայի։ Բացի դրանից, բարերներն այցելեցին նաև Նուբարաշենում ապրող սոցիալապես անապահով Նարինեի ընտանիքին, ով երկու երեխաների և սկեսուրի հետ ապրում է վագոն-տնակում:


«Սքանչելի զգացողություն է այս երեխաներին ուրախություն պարգևելը: Ես ուղղակի փոխանցում եմ բարերարի նվերները, բայց այն ուրախությունը, որ տեսնում եմ երեխաների աչքերում, անգին զգացողություն է», - ասում է տիկին Անահիտը:


Քրիստոնյայի կարևորագույն կոչումներից է դառնալ սիրո մարտիկ, սիրո միջոցով պայքարել տիրող անտարբերության ու դժվարությունների դեմ։
«Ինչպես Քրիստոս ծառայեց մարդկությանը գերագույն նվիրումով, ինքնազոհ մատուցմամբ՝ մղված դեպի մարդիկ Իր ունեցած անհուն և անխտրական սիրուց, այնպես և եկեղեցին ծառայում է նույն ուղղությամբ, նույն ոգով և միշտ առաջնորդված սիրո և զոհաբերության նույն սկզբունքից և մղումից»: (Գարեգին Ա Հայրապետ)


Օգնել, սիրել, ներել, ուշադիր լինել. այս ամենը ոչ միայն եկեղեցու, հոգևորականի այլև յուրաքանչյուրիս ամենօրյա մտածումն ու այն հարցի պատասխանն է, թե ինչպես հաճելի լինել Աստծուն ու կատարել Նրա կամքը:

 

 

Հասմիկ Թամամյան

Բարեգործություն Բարեգործություն Բարեգործություն Բարեգործություն Բարեգործություն Բարեգործություն
Դիտվել է 536 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք