Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հոգևոր ճամբար Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար

Երեք կարևոր երազանք ունեցող աղջիկը՝ Գայանեն, ժպիտը երեսին դիմավորեց մեզ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան բակում ու սկսեց պատմել մանկատան ու իր մասին․

 

- Առաջին երազանքս չեմ ասի, որովհետև շատ կարևոր բան է։ Երկրորդ, երազում եմ թարգմանչուհի դառնալ ու շատ փող աշխատել, և երրորդ, որ այդ փողն ինձ չկուրացնի։ Ուզում եմ այդ փողերով բոլորին օգնել, այնպես որ ինձ մոտ փող չմնա ու ես չսկսեմ սիրել փողը։ Արի գնանք ներս, ամեն ինչ ցույց կտամ։

 

Իսկ ներսում ուրախ խառնաշփոթ էր, քանի որ երեխաները պատրաստվում էին մեկնել արդեն վեց տարի անընդմեջ կազակերպվող ճամբար։

 

Հուլիսի 20-ին մեկնարկեց ԱՀԹ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքի կողմից Մ. Իզմիրլյանի անվան մանկատան երեխաների համար կազմակերպված  տասնօրյա ճամբարը։ Ճամբարը կանցկացվի Սևանի ափին, որտեղ երեխաները հանգստին ու խաղերին զուգահեռ կմասնակցեն հոգևոր թեմաներով զրույցների:

 

Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի և երեցկին Անահիտ Հովհաննիսյանի գլխավորությամբ արդեն մի քանի տարի է, ինչ  համայնքը Մ. Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար ամառային հանգիստն այս կերպ է իրականացնում:

 

- Երեխաներն ամեն տարի անհամբեր սպասում են ճամբարին, որտեղից շատ հանգիստ ու խաղաղված են վերադառնում։ Նրանք կապված են եկեղեցու հետ, և այդ կապը բավական գիտակցված մակարդակի վրա է։ Շատերի մոտ սրբապատկերներ կան ու երբ նրան նեղված են լինում, վերցնում նայում, խոսում են։ Երեխաներից մեկն էլ, երբ վատ երազ է տեսնում, գալիս և խնդրում է, որ նրան եկեղեցի տանենք։ Այս ճամբարը բավական դրական ազդեցություն է ունենում նրանց վրա, - ասում է մանկատան սոցիալական աշխատակցուհի Լիաննա Մանվելյանը։

 

Մ. Իզմիրլյանի անվան մանկատան սաների հետ աշխատանքն ամառային ճամբարով չի սահմանափակվում: Ամբողջ տարվա ընթացքում այն Արարատյան Հայրապետական թեմի տարբեր համայքների ուշադրության կենտրոնում է: Երիտասարդաց և տիկնանց միությունները քահանաների հետ ամեն շաբաթ այցելում են նրանց։ Երեխաների համար կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ, թատերական ներկայացումներ, ուրախ երեկոներ Երևանի մանկական ժամանցի կենտրոններում: Արգավանդի Ս․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի կինն ամեն շաբաթ անձամբ կենտրոնի մկրտված երեխաներին տանում է եկեղեցի, որպեսզի նրանք մասնակցեն Ս. Պատարագին։

 

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 760 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք