Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Վարդավառը Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցում

Քրիստոսի Պայծառակերպության տոնի օրը ևս մեկ սպասված իրադարձություն տեղի ունեցավ Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցում։ Այգում հանդիսավորությամբ բացվեց խաղահրապարակ, իսկ «Հայորդի» բացատում տեղադրվեց 6 մետր երկարությամբ սեղան՝ իր նստարաններով։ Սոս Վարդանյանի ջանքերով ու միջոցներով պատրաստված սեղանն իր մշտական տեղը կունենա այգում։ Տաք եղանակներին Կիրակնօրյա դպրոցի դասերն ու երիտասարդների հավաքները կանցկացվեն։ Այստեղ՝ ծիրանիների տակ, հանգիստ կվայելեն նաև Ս. Հարություն ժամանած ուխտավորները։

Խաղահրապարակի բացումը նշանակալի իրադարձություն դարձավ համայնքի համար, քանի որ այսուհետև փոքրիկները կունենան բարեկարգ ու հարմարավետ անկյուն խաղալու և իրենց ժամանցը հետաքրքիր անցկացնելու համար: Մանկական խաղահրապարակները կարևոր դեր են ունենում երեխաների կյանքում, քանի որ դրանք կազմում են փոքրիկների առօրյայի մեծ մասը: Խաղահրապարակները ստեղծում են միջավայր, որն ազդում է երեխաների սոցիալականացման վրա: Այստեղ նրանք հնարավորություն են ստանում շփվել հասակակիցների հետ, որի շնորհիվ է, որ երեխան սովորում է ապրել հասարակության մեջ: Նա ստանում է հիանալի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական զարգացում:

Մինչ ժապավենների կտրելը Տեր հայրը կատարեց մանուկների օրհնություն, ապա շնորհակալագրեր հանձնեց Արթուր Հայրապետյանին և Սոս Վարդանյանին՝ համայնքի փոքրիկների և նրանց ծնողների անունից շնորհակալություն հայտնելով գեղեցիկ և օգտակար նվերների համար։ Փոքրիկ Գայանեն կտրեց խաղահրապարակի ժապավենը, իսկ Դավիթը՝ ուխտավորների սեղանի։

Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկան Գոռը, Գառնիկը և Արշակը։ Համերգային գեղեցիկ ծրագիր ներկայացրին նաև Տիգրան և Վարդան Թադևոսյանները։ Եկեղեցու ամբողջ տարածքի գունագեղությունը՝ փուչիկներով եւ ձևավորված գունավոր թղթերով, ապահովել էր Կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհին՝ երեխաների կողմից շատ սիրված Լուսինե Թադևոսյանը։ Իսկ նրան օգնել էին Կիրակնօրյա դպրոցի սաները ճամբարական մյուս երեխաների հետ միասին։

Դիտվել է 634 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք