Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նախատոնակ Պայծառակերպության

Երբ ավանդույթներն ու հոգևոր կյանքը միահյուսվում են ու դուրս են գալիս փողոց՝ ձեռք ձեռքի քայլելու ու մարդկանց հրավիրելու երգել-պարելու, ապա եկեղեցական օրացույցում տոնական օր է: 
 
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, հուլիսի 7-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Քրիստոսի Պայծառակերպության նախատոնակի մեծ միջոցառումը: 
 
Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոնեից երրորդն է: Այն պատկերում է Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպվելը: Տոնի քրիստոնեական խորհրդին միաձուլելով ավանդական ծեսերը, արդեն հինգ տարի, թեմի երիտասարդաց միությունները նշում են Վարդավառի նախատոնակը: Երեք տարի է, ինչ նախաձեռնությանը աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը: 
 
Մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց քայլեցին դեպի Մանկական զբոսայգի, որտեղ ներկաներին մատուցվեց տոնի գլխավոր ուտեստներից մեկը` խորոված խնձորը: 
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության ատենապետը նշեց, որ տարեց տարի մասնակիցների թիվը ավելանում է, ինչը և ուրախացնում է և պարտավորեցնում: 
 
Այգում ներկայացվեցին տոնի ժողովրդական սովորույթները, բեմադրության միջոցով ցուցադրվեց Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի տապանից դուրս գալու պատմությունը: Բեմադրվեցին նաև խնդումի և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագներ, իսկ ցորենի հասկերից խաչբուռ պատրաստվեց: Միջոցառման ընթացքում երիտասարդները խնձոր խորովեցին և բաժանեցին ներկաներին: Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով: 
Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի երիտասարդները, «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները: 
 
Զարա Ղազարյան
Լուսանկարները՝ այստեղ։
Դիտվել է 107 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք