Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բարի կենդանության քայլերթը

«Բարեկենդա՜ն է, բարեկենդա՜ն»…: Փետրվարի 11-ին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մինչև Ազատության հրապարակ ամենալսվող բացականչությունն էր: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ, ԱՀԹ երիտասարդաց միությունների ու երիտասարդաց կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի նախաձեռնությամբ Երևանում Մեծ Պահքի առաջին կիրակին վերածվում է իսկական ազգային-քրիստոնեական տոնի:


«Բուն Բարեկենդանն առաջին հերթին հոգևոր տոն է: Այն ներկայացնում է Ադամի դրախտային երանավետ կյանքը, երբ վերջինս Աստծուց պատգամ ուներ՝ օգտվել բոլոր բարիքներից՝ բացի բարու և չարի գիտության ծառի պտղից: Բայց նա գործեց առաջին մեղքը, որի համար արտաքսվեց դրախտից: Բարեկենդանով սկսվում է ապաշխարության շրջանը՝ մինչև Ս. Հարության տոնը», - ասում է Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:


Քայլերթի մեկնարկը տրվեց կիրակնօրյա Պատարագից հետո՝ ազագային երգ ու պարով: Քայլերթին մասնակցում էին ոչ միայն թեմի համայնքների անդամները, այլև Երևանի երգուպարի, ազգային նվագարանների խմբերը, Մշակույթի նախարարության ազգագրական խմբերը:


Քայլերթը Մաշտոցի պողոտայով հասավ Ազատության հրապարակ, քայլերթի ընթացքում մասնակիցները թեմատիկ կանգառներ էին կատարում: Ամեն կանգառ համեմված էր ազգային-գեղարվեստական փոքրիկ ներկայացումներով:


Բարեկենդանին հատուկ են երգն ու պարը, ուրախությունը, խրախճանքը, հյուրասիրությունը: Տոնակատարության ընթացքում եղավ նաև ձեռագործ իրերի և բարեկենդանյան տոնին հատուկ ուտեստների ցուցահանդես-վաճառք:


Բացի բարձր տրամադրությունից, ազգային հագուստից ու անուշեղենից քայլերթի մասն էին դիմակները: Ազգագրագետները նշում են, որ հնում հայերն այս տոնի դիմակները պատրաստում էին ձեռքով: Իսկ դիմակները խորհրդանշում էին մարդու ցանկությունը, թե ինչպիսին ինքը պիտի լինի նոր տարում:
Հանգիստ թողնելով թղթե դիմակները՝ ասենք, որ այս տոնի բուն նպատակներից մեկն ազգային դիմակի վերհանումն է և մասնակի նորացումներով դրա պահպանումն ու տարածումը:



«Բարեկենդա՜ն է, բարեկենդա՜ն, մեզ բարեկենդան ձեզ՝ բարի Զատիկ»;


Զարա Ղազարյան

Դիտվել է 1034 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք