Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Երբ թագավորը քնած է»

Ահա այսպես էր կոչվում մանրանկարչական այն աշխատանքը, որով նոյեմբերի 29-ին Մանկական ստեղծագործության թանգարանում կազմակերպված «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական վեցերորդ մրցույթ-փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացավ Արարատյան Հայրապետական թեմի ՀԵԵՄ-ի կրթադաստիարակչական կենտրոնի սան տասնմեկամյա Անրի Աբրահամյանը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տարեսկզբին հայտարարված 6-րդ մրցույթ-փառատոնը նպատակ ուներ անդրադառնալ միջնադարյան Հայաստանի մշակույթի երկու բնագավառների՝ ժողովրդական բանահյուսության և մանրանկարչության կապին. հայկական մանրանկարչության պատմության, առանձնահատկությունների հետազոտմամբ, ուսուցմամբ և ինքնուրույն վերաիմաստավորմամբ կատարված աշխատանքներով նպաստել երեխաների և երիտասարդների շրջանում հայ միջնադարյան մշակույթի յուրացմանը, գեղագիտական ընկալման զարգացմանը, գրի և գրքի նկատմամբ նորովի վերաբերմունքի ձևավորմանը, իսկ մասնակիցներից ակնկալվում էր գեղարվեստական անդրադարձ առանձին դպրոցների պատմությանը, մանրանկարիչների կերպարներին, տառերի պատկերներին, նաև գրավոր մշակույթին: Յուրաքանչյուր մանկավարժ, ընտրելով մանրանկարչական դպրոցներից նկարչական մոտեցման մեթոդը, ուսումնասիրելով որևէ դպրոցի պատկերային ձեռագիրը, պետք է աշակերտին առաջնորդեր այդ ոճով՝ ձևավորելով ժողովրդական բանահյուսության որևէ երկ՝ հեքիաթ, հանելուկ, առակ, երգ և այլն:



Ցուցահանդես-մրցույթի առաջին երկու փուլերը հաղթահարած Անրին Արմեն Սարգսյանի հավաքածուից ընտրել էր «Երբ թագավորը քնած է» առակը՝ օգտագործելով կիլիկյան մանրանկարչական դպրոցի ձեռագիրը: «Առակի կոչն այն էր, որ թագավորները, իշխանները պիտի ուշադիր լինեն մարդկանց հանդեպ, այսինքն՝ նրանք պատասխանատու են ժողովրդի համար, երբ մարդուց, առակի դեպքում՝ գյուղացուց գողացել էին իր կովերը, և գյուղացին եկել էր թագավորից պարզելու, թե ինչու: Առակի բուն նպատակը գյուղացու պատասխան խոսքերն էին թագավորին. «Ես գիտեի, թե իմ թագավորը միշտ արթուն է, դրա համար հանգիստ քնել էի»: Կարդացի և որոշեցի հենց այդ նկարը նկարել, - պատմում է Անրին:



Ըստ մրցույթի կանոնների՝ աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի յուրօրինակությանը և հայ մանրանկարչության առանձնահատկությունների իմացությանը, ինչպես նաև գեղարվեստական կատարման որակին:
Ֆեյսբուքյան National Center of Aesthetics էջում բացվել է ցուցահանդեսի վիրտուալ տարբերակը, որտեղ կարող եք քվեարկել Ձեր կողմից սիրված նկարի համար` սեղմելով «Like» կոճակը:



Քվեարկությունը կավարտվի հունվարի 8-ին` ժամը 12:00 (Հայաստանի ժամային գոտի): Քվեարկության արդյունքները, ինչպես նաև մրցանակակիրների անունները հայտնի կլինեն ցուցահանդեսի փակման օրը, նույն օրն էլ տեղի կունենա մրցանակների և լավագույն աշխատանքներwv կազմված պատկերագրքերի հանձնումը:



ՀԵԵՄ կրթադաստիարակչական կենտրոն
Հասմիկ Եղիազարյան

Երբ թագավորը քնած է
Դիտվել է 392 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք