Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մանանեխի հատիկի չափ հավատն ու օրհնված այգին

«Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս՝ լեռը տեղից կշարժես»։ Լևոն Նադարյանը լեռը տեղից շարժելու կարիք չունեցավ, բայց իր հավատքի զորությամբ շարժեց շատ մարդկանց սրտեր։ Արդեն մի քանի օր է, ինչ հայկական լրատվամիջոցների ու ֆեյսբուքյան հանրության քննարկման առարկան Սուրենավանի բնակիչ Լևոն Նադարյանի այգին է։ Վերջինս մարտի 17-ին խնդրել էր Դալարի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եփրեմ քահանա Հարությունյանին և Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանին օրհնության կարգ կատարել իր ծիրանի և խաղողի այգիներոում։ Նադիրյան ընտանիքի համար այս ավանդույթն արդեն վեց տարվա պատմություն ունի:


Դեռ հին ժամանակներից են մարդիկ իրենց հողի ու այգիների համար օրհնություն խնդրել Աստծուց։ Մարդիկ վար ու ցանքից առաջ քահանային խնդրում էին գալ և իրենց արտերն ու հնձաններն օրհնել: Քահանան խաչով օրհնում էր արտը. «Ով Տե´ր, օրհնիր մեր երկրի արտի ու այգու, ծառի ու խոտի բերքը», ապա` օրհնում մշակներին. «Տե´ր, օրհնիր մշակներին ու իրենց եզներին», իսկ վերջում՝ շտեմարանները՝ մաղթելով բերքառատ ու բարեբեր տարի. «Տե´ր, օրհնիր ցորենի շտեմարանները, գինու և յուղի հնձանները, որպեսզի քո առատ բարիքներով լցվեն և հորդեն»:


-Ես քահանաներին խնդրում եմ, որ օրհնեն ոչ միայն իմ, այլ մեր բոլոր գյուղացիների այգիները։ Աղոթեն նաև նրանց համար։ Այնպես չի, որ օրհնությունը միայն մեր այգում է տարածվում, ու մեր հարևանի այգին վնասվել է: ՈՉ: Փաստը մնում է փաստ, որ մենք հավատքով ենք մշակում մեր այգին և այսօր ոչ մի վնասված ծաղիկ չեք գտնի իմ այգում։ Առատ բերքի եմ սպասում, - ասաց Լևոնը։


Այգի մտնելով յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ բերքը չի վնասվել, չի ցրտահարվել: Ցուրտ օրերի ջերմաստիճանը ստուգելու համար Լևոնը ծառերից ջերմաչափ ու ջրով լցված շշեր է կապել ու ամեն առավոտ 06.00-06.30-ը ստուգել է. ջուրը երբեք չի սառել, ջերմաչափն էլ 0-ից ցածր ջերմաստիճան չի արձանագրել:


Այգու մասին լսելիս՝ շատերը կամ չեն հավատում կամ բացասական երանգ են փնտրում կատարվածի մեջ, իսկ Լևոն Նադարյանը ապավինելով Աստծուն օրհնություն է խնդրում իր և մյուս գյուղացիների ծառերի ու այգիների համար։


Լևոնը նաև ասում է, որ Աստծոն ապավինելով ձեռքերը պարապ չի նստում, քրտնաջան աշխատում ու մշակում են ամեն օր: Գոհությամբ ապրող այս ընտանիքը փառաբանում ու շնորհակալություն է հայտնում Աստծուն ամեն բանի համար: Եվ Տիրոջ նկատմամբ ունեցած վստահությունն ու նվիրում է, որ հրաշքներ է գործում, ներազդում իրենց կյանքին:


Տեսանյութը դիտեք այստեղ,

և այստեղ
 

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 1267 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք