Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հանդիպում զոհված զինվորի մոր հետ

Մայիսի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեց Արցախում զոհված Հրաչյա Սարգսյանի մոր հետ: Հրաչյան  զոհվել է 2012թ. հունիսին՝ 20 տարեկանում, թշնամու դիվերսիոն հարձակման ժամանակ՝ պաշտպանելով Արցախի սահմանը: 
 
Տիկին Աիդա Սարգսյանը, Նավասարդ Սրբազանի աջակցությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ մեկնել էր Երուսաղեմ՝ ուխտագնացության:  
 
Սրբազան հայրը շնորհակալություն հայտնեց տիկին Աիդային, ով, անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենան Հայոց Հայրապետի հրավերին, իր մեջ ուժ էր գտել՝ մեկնելու Երուսաղեմ ուխտագնացության: «Քրիստոսակոխ և նվիրական վայրերում մարդը վերանորոգում կամ վերագտնում է իր հավատքը: Հավատքն ուժ ունի փարատելու մարդու ամենամեծ վիշտը, որովհետև հավիտենական կյանքի ճանապարհն է ցույց տալիս:  Աստծո հետ կապը վերանորոգելով, հավատքը զորացնելով և հոգու խաղաղությունը վերագտնելով՝  ուխտավորը վերադառնում է իր տուն զորացած և լուսավորված: Հայոց ազգը՝ որպես Տիրոջ հավատարիմ ազգ, անցնելով դարերի փոթորիկների միջով, սուրբ հողի վրա պահպանել ու շարունակում է պահպանել իր իրավունքներն ու սրբությունները՝ զարգացնելով և հզորացնելով դրանք անկեղծ հավատքով և հայկական ինքնությամբ: Ոտք դնելով սուրբ հողի վրա՝ Դուք միացաք հազարամյա ուխտավորների զորավոր և հոգենորոգ աղոթքին»:
 
Այնուհետև Սրբազան Հայրը արժևորելով մեր քաջարի զինվորների սխրագործ  ծառայությունը՝ ասաց. «Հանուն հայրենիքի իրենց անձը զոհած մեր քաջարի հերոսները լուսեղեն ճանապարհ հարթեցին դեպի հայ մարդու վերակերտում, դեպի լուսավոր ապագա: Անպարտելի ժողովուրդը նա է, ով հավատում է իր հաղթանակին, և պարտված է նա, ով չի հավատում: Կյանքից կառչելով՝ կյանքը չեն փրկում: Խաղաղությունը նվեր չեն ստանում, այն ձեռք են բերում: Պաշտպանել հոգևոր անկախությունը, ուրիշների խաղաղ երկինքը ամենամեծ պատիվն է, որ կարող է որևէ մարդ երազել:
 
Բարի, հայրենասեր և ինքնազոհ մայրերը, մեր համոզմամբ, հայ մայրերն են, որ պատմության մեջ միշտ զրկանքներ կրելով՝ կարողացել են ոչ միայն սերունդ ապահովել, այլև հերոս զավակներ ծնել: Մեր նահատակ զավակները մեր հոգու լույսն են, որ պետք է միշտ բորբոք պահել: Փառավոր պատիվ է ընծայվել նաև Ձեր որդուն: Նրան հիշելու ենք ոչ միայն մեր աղոթքներում, այլ նաև մեր գործերում: Մեր անկեղծ երախտագիտությունը Ձեզ, որ նման հերոս զավակ ունեք: Թող նրա հոգին երկնքի լուսավոր անդաստանում խաղաղության մեջ հարատևի ՝ ի շնորհիվ  Ձեր և մեր հավատքի»:  
  
Սրբազանի հետ զրույցի ընթացքում տիկին Աիդան պատմեց իր տպավորությունների մասին: Նա շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար, քանի որ ուխտագնացության արդյունքում վերագտել է հոգևոր խաղաղությունն ու մխիթարությունը: Այս ուխտագնացությունը նրան ուժ է տվել շարունակել ապրել: «Այնտեղ,  կարծես, ես հանդիպեցի որդուս: Մինչ այդ «նեղացած էի» Աստծուց, սակայն Երուսաղեմում հաշտվեցի Տիրոջ հետ: Վերքիս սպին, անշուշտ, կմնա, սակայն ներսումս ուժ եմ զգում, որն ինձ կապրեցնի՝ հանուն մյուս զավակիս»: 
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 
Դիտվել է 88 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք