Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները և «Նշխարք» անսամբլը մասնակցեցին «Հաղարծնի մշակութային շաբաթ» փառատոնին

Օգոստոսի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդներն՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կազմակերպեցին ուխտագնացություն դեպի Գոշավանք և Հաղարծին։


Հաղարծին վանական համալիրի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ԱՀԹ «Նշխարք» վոկալ անսամբլը ելույթ ունեցավ «Հաղարծնի մշակութային շաբաթ» հոգևոր և կիրառական մշակույթի փառատոնի շրջանակում։


Իր ձևով և բովանդակությամբ փառատոնը եզակի իրադարձություն է, որի նպատակն է ներկայացնել Տավուշի հոգևոր կենտրոն հանդիսացող Հաղարծին վանքի հոգևոր ժառանգությունը։ Վանքի տարածքում, որը մեկ շաբաթով վերածվելու է կենդանի քաղաքի, բոլորը՝ մեծերը և փոքրերը, հոգևորականները և երիտասարդները պետք է ապրեն և գործեն ինչպես մեկ միասնական ընտանիք: Փառատոնի շրջանակում՝ օգոստոսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, կկազմակերպվեն հետաքրքիր միջոցառումներ. տեղական կաթնահունցի պատրաստման վարպետության հատուկ դասեր, քաղցրավենիքների և վանական կերակրատեսակների պատրաստում հնագույն վանական բաղադրատոմսերով, մոմերի ձուլում, բաց երկնքի տակ կինոդիտումներ:
 

Կանցկացվեն հոգևոր երգի, նկարչության, պատմության, փորագրության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության, օճառի և մոմի պատրաստման դասեր, որոնք թույլ կտան ավելի լավ պատկերացնել, թե ինչպես են ապրել մեր նախնիները դարեր առաջ: Ահա այս ամենի մի մասը դարձան նաև ԱՀԹ «Նշխարք» վոկալ անսամբլը և թեմի ուխտավորները։


«Նշխարք» վոկալ անսամբլի ելույթից հետո Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին և թեմի երիտասարդներին փառատոնին մասնակցելու, ինչպես նաև գեղեցիկ ու բովանդակալից համերգի համար։


Երիտասարդները ծանոթացան նաև եկեղեցական համալիրին, ապա վանքի բակում Տավուշի թեմի երիտասարդների հետ շուրջպար բռնեցին։


Ետդարձի ճանապարհին ուխտավոր երիտասարդները այցելեցին նաև Սևանավանք։

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Հաղարծնի մշակութային շաբաթ Հաղարծնի մշակութային շաբաթ Հաղարծնի մշակութային շաբաթ
Դիտվել է 1060 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք