Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կարմիր կիրակի

Հինանց շրջանի երրորդ կիրակին կոչվում է Կարմիր՝ խորհրդանշելով Քրիստոսի և մարտիրոսների թափած արյունը հանուն քրիստոնեության և եկեղեցու հաստատման ու զորացման։


Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, իսկ ըստ ժողովրդական սովորության «Կարմիր կիրակիին կեսրանքը հարսին տանում են հանդերը` բանջար հավաքելու. խաղը, ծիծաղը, երգը և պարն անպակաս են լինում այսպիսի զբոսանքների ժամանակ: Կեսրանքը մի մեծ պարկ բանջար են լցնում և հարսին շալակել տալիս, որ աշխատասեր և գործունյա լինի»:


Ըստ եկեղեցու հայրերի՝ Կարմիր կիրակիի խորհրդի հետ է կապվում աստվածաշնչյան այն հատվածը, երբ Հիսուս հարությունից հետո երրորդ անգամ երևաց աշակերտներին Տիբերիայի լճի ափին: Այդ ժամանակ Հիսուս Պետրոսին երեք անգամ նույն հարցը տվեց. «Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ»: Եվ երեք անգամ էլ Պետրոսը նույն հարցին պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ»: Հիսուս Պետրոսին պատգամեց արածացնել Իր ոչխարներին: Հիսուսի այս հարցումները խորհրդանշում էին Պետրոսի երեք ուրացումները, քավություն ստանալը և առաքելական պաշտոնի մեջ վերականգնվելը (Հովհաննես 21:1-20):


Եկեղեցու հաստատման խորհուրդը ոչ թե պատմական իրողության, այլ եկեղեցու հավիտենականության վերարժևորումն է, որն առաջնորդում է զղջումով ու ապաշխարությամբ, քաջությամբ ու խոստովանությամբ զինվորագրվել Տիրոջ փրկագործ առաքելության:
Այս կիրակին յուրաքանչյուր քրիստոնյայի հիշեցնում է, որ պետք է քաջ լինել և մեծ եռանդով պայքարել ամենօրյա և գուցե սովորական դարձած վատ սովորությունների և մեղքերի դեմ: Ս. Պողոս առաքյալը քրիստոնյային ներկայացնում է իբրև վերից վար զինված մարտիկ, բայց զինված ոչ թե ֆիզիկական զենքերով, այլ՝ մեր Տիրոջ խոսքով և օրինակով (Եփեսացիներ 6:10-19): Իսկ հետո էլ նշում է. «Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատքը: Այսուհետև ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերն`արդար Դատավորը, իբրև հատուցում, ինձ կտա դատաստանի օրը: Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն» (Բ Տիմոթեոս 4:7-9):

Դիտվել է 1206 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք