Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Սարգսի տոնին երիտասարդն իրական սեր խոստովանեց անակնկալից շիկնած գեղեցկուհուն

Փետրվարի 10-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տարվա ամենաջերմ, ամենասիրառատ օրվան՝ սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումը:
 

Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Ապա տեր հայրը փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու ներկայացրեց տոնի խորհուրդը: Տեր հայրը նշեց, թե պատահական չէ, որ Ս. Սարգսի տոնի առթիվ միջոցառումն անցկացվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, քանի որ Ս. Սարգսի տոնը ոչ միայն Սարգիսների, այլև՝ Մարտիրոսների անվանակոչության տոնն է:


Երիտասարդներին ողջունեց Սարյան թանգարանի տնօրեն տիկին Ռուզաննա Սարյանը: Նա շնորհավորեց երիտասարդներին և իր ուրախությունը հայտնեց, որ Ս. Սարգսի տոնի առթիվ Սարյանի տուն-թանգարանն իր դռները լայնորեն բացել է սիրահար երիտասարդների առաջ: Տիկին Սարյանը ընթերցեց նաև իր պապիկի նամակներն՝ ուղղված տիկնոջը: Դրանք կարող են հետաքրքիր ուղեցույց լինել երիտասարդների համար:


Շնորհակալության ու շնորհավորանքի խոսք ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը՝ նշելով, որ արդեն երեք տարի համագործակցում են Արարատյան Հայրապետական թեմի հետ և առաջին անգամ Սարյանի հարկի տակ են հավաքվել:


Երեկույթի ընթացքում ելույթ ունեցավ «Նաիրյան» վոկալ անսամբլը՝ կատարելով կոմիտասյան երգերի շարք:
ԵԱԴ-ի անդամները միջոցառման մասնակիցների համար պատրաստել էին աղի բլիթներ:


Ամփոփելով սոցցանցերում անցկացված սիրո խոստովանությունների մրցույթի արդյունքները՝ վեց երիտասարդներ Արարատյան Հայրապետական թեմի կողմից արժանացան մրցանակների: Մրցանակակիրներից մեկը հենց դահլիճում ներկայացրեց իր գրած խոստովանությունը՝ դրանով հանդիսատեսի առաջ իրական սեր խոստովանելով հուզմունքից ու անակնկալից շիկնած գեղեցկուհուն:

Դիտվել է 1415 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք