Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդը նորից մարդաշատ էր: Արդեն 8 տարի է, ինչ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «Ծաղկահավաք» նախաձեռնությամբ ապրիլի 24-ին հուշահամալիր բերված  ծաղիկները չեն թափվում որպես աղբ, այլ հավաքվում և մշակվում են:


ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը և ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Լիլիթ Գրիգորյան) մասնակցեցին նախաձեռնությանը: Աշխատանքը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Տեր Պարթևն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: Այնուհետև  աշխատանքները սկսվեցին «Ծաղկազարդ» համույթի հոգևոր երգերի ուղեկցությամբ:


Բերված ծաղիկները խնամքով հավաքվում են, ցողունները բաժանվում են ծաղկաթերթիկներից, ցողուններից պատրաստվում է պարարտանյութ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը վերամշակվում են թուղթ ստանալու համար, որը հետագայում օգտագործվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար բացիկներ, շնորհակալագրեր և նամակներ պատրաստելու նպատակով:

Դիտվել է 1568 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք