Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոնական Ս. Պատարագ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիներում

Հունվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Այդ առթիվ վաղը՝ 10:30-ին, Ս. Պատարագ կմատուցվի Երևանի և Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիներում:


Այս օրը Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ անունը կրողների անվանակոչության տոնն է:


Ս. Հովհաննես Մկրտչի՝ Կարապետի ծննդյան տոն

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի` Կարապետի (ով ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը: Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:

 


Ս. Հովհաննես Մկրտիչը, ով պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Ս. Մկրտչի մորը, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով՝ խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի~ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»:




Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 548 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք