Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բերքից լավագույնը զինվորին

Սեպտեմբերի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպսս Կճոյանի օրհնությամբ իրականացվեց «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիգվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի և Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ թեմի երիտասարդները ՀՀ ԶՈՒ N զորամաս հասցրեցին Արարատի մարզի համայնքների բնակիչների կողմից հավաքված բերքը` միրգն ու բանջարեղենը: Ծրագրի նախապատրաստական աշխատանքներում մեծ ներդրում է ունեցել նաև Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու համայնքը` հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանի գլխավորությամբ: 
 

Զորամասի հրամանատարական կազմի հետ նրանց դիմավորեց նաև գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը: Զինվորների հետ հանդիպումից ու զրույցից հետո հոգևորականներն ու երիտասարդները բարձրացան նաև դիրքեր, քահանաներն օրհնեցին զինվորներին ու նրանց հետ միասին աղոթեցին մեր Հայրենիքի խաղաղության ու անսասանության համար:


Արարատի մարզի քահանաները և թեմի երիտասարդաց միությունների անդամները «Բերքի լավագույնը զինվորներին» նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, որ այցելում են ՀՀ ԶՈՒ զորամասեր ու մարզային զինվորական հոսպիտալ: Անցած տարի բերքի լավագույնը ճաշակել են Եղեգնաձորի, Սիսիանի, Ճամբարակի սահմանամերձ զորամասերում ծառայող և Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում բուժվող զինվորները: Նախաձեռնությունը Նավասարդ Սրբազանի օրհնությամբ իրականացվում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» թեմական ծրագրի շրջանակներում:


Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Արարատի մարզի քահանաների նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել գյուղացիների մոտ, ովքեր սիրով իրենց մրգի ու բանջարեղենի բերքից լավագույնը չխնայեցին հայոց բանակի զինվորի համար: Ծրագրին իրենց աջակցությունն են բերել նաև մարզի գյուղապետեր ու անհատ բարերարներ:


Հայ Եկեղեցին և մասնավորապես` Արարատյան Հայրապետական թեմը, մշտապես զինվորի կողքին է և տարբեր ծրագրերով:
• «Մենք մեր զինվորի կողքին ենք»
• Լավագույն զինվորների պարգևատրում Ս. Սարգսի տոնի առթիվ
• Բերքից լավագույնը զինվորին
• Աջակցություն Արցախի սահմանապահներին
• Այցելություն ու զորակցություն վիրավոր ու զոհված զինվորներին
• Հաղթանակի աղոթք
• Նամակ զինվորին
• Ծառայենք թիկունքում

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Berq
Դիտվել է 911 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք