Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Զորավոր Ավետարանը՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Մայիսի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Զորավոր Ավետարանը: Եկեղեցականների ու հավատացյալների թափորը Փարպեցի-Թումանյան փակուղուց դիմավորեց Ավետարանը` ուղեկցելով դեպի եկեղեցի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ Ավետարանը եկեղեցի է բերվում արդեն երրորդ անգամ: 


Եկեղեցում Ս. Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրվա առթիվ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանն էր:


Զորավոր Ավետարանը թվագրվում է 13-14-րդ դարերին: Այն կիլիկյան մանրանկաչության գոհարներից է: Ավետարանի հետ կապված բազմաթիվ հրաշքների ու բժշկությունների հիշատակություններ կան: Եվ հենց այդ պատճառով ոչ միայն Ավետարանն, այլև եկեղեցին, որտեղ այն պահվել է երկար տարիներ, մարդիկ կոչել են Զորավոր: Այս եկեղեցու բակում են ամփոփված Քրիստոսի 72 առաքյալներից` Ս. Անանիայի մասունքները:


Կրթություն ստանալով Տաթևի վանքում, 1592 թվականին Ս. Մովսես Տաթևացին ձեռնադրվում է կուսակրոն աբեղա, մեկնում Ամիդ և մինչև 1606 թվականը աշակերտում Սրապիոն Եդեսացուն (Ուռհայեցի)։ 1610 թվականին եղել է Երուսաղեմի Ս. Հարություն տաճարի լուսարար։ 1613 թվականին վերադառնում է Տաթև, մտնում Սյունյաց Մեծ անապատ։ Նախքան կաթողիկոս դառնալը՝ հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը։


Մոտ 1620 թվականին եկել է Երևան, դարձել Ս. Անանիայի անապատի վանական: Քարոզել է Ս. Կաթողիկե եկեղեցում: Կարգավորել է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացել Հովհանավանքի և Սաղմոսավանքի վանական դպրոցները։


1623թ. թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1627 թվականի հունվարին ներկա գտնվելով և հիանալով Ս. Ծննդյան տոնին նրա կատարած արարողությամբ, Պարսից շահ Աբբաս առաջին իբրև պարգև նրան նշանակել է Ս. Էջմիածնի վանքի լուսարար և հրովարտակով արտոնել նորոգել վանքը, Վեհարանը, օժանդակ կառույցներն ու պարիսպները։ 1628 թ. ընտրվել է կաթողիկոս՝ պաշտոնապես օծվելով 1629 թվականի հունվարի 13-ին։


Մովսես Գ Տաթևացին շահից ստանում է նաև իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքի զիջման հրովարտակներ։ Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուրիշներ) հետ վերականգնում է Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական և գրական կյանքը, վերականգնում ու շենացնում է եկեղեցիներն ու վանքերը։


Մովսես Տաթևացի կաթողիկոսը մեր եկեղեցու երախտավորներից է, ում շնորհիվ փրկվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու հազարավոր հայեր են ազատվել գերությունից: Նրա անունը հիշատակվում է Ս. Պատարագի ժամանակ՝ մյուս սրբերի հետ միասին:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 2 3
Դիտվել է 1014 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք