Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մեկ ճամբար՝ մեկ ընտանիք

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքն արդեն յոթ տարի անընդմեջ Սևանա լճի ափին կազակերպում է  ճամբար հաշմանդամություն ունեցող  երեխաների, կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքի անապահով ու բազմազավակ ընտանիքների մանուկների համար:

Ծրագրի նախնական շրջանում ճամբարին մասնակցում էին միայն Մ. Իզմիրլյանի անվան մանկատան երեխաները, սակայն ճամբարի մասնակիցների թիվն այսօր համալրվել է նաև այլ՝ առողջ երեխաներով: Ծնողները կարևորեցին այս քայլը նշելով, որ իրենց երեխաները տասն օր շարունակ ապրում են կարիքավոր երեխաների հետ  և զուգահեռաբար սովորում են հավասարություն, կարեկցանք, ընկերություն:

Ճամբարում երեխաները, հանգստին ու խաղերին զուգահեռ, մասնակցում են  նաև հոգևոր թեմաներով զրույցների: Ծնողները նշում են, որ ճամբարից հետո փոփոխություն են զգում երեխաների մեջ: Իսկ շատ ծնողներ էլ կամավորագրվում են ճամբարում երեխաներին հոգ տանելու համար:

Այս տարի ճամբարը կգործի հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը: Երեցկին Անահիտ Հովհաննիսյանը, ով ղեկավարում է ճամբարի ընթացքը, նշում է, որ սա մեծ փորձառություն և  դաս է  նախ իր, ապա՝ երիտասարդ քրիստոնյաների համար:

Ծրագրի նպատակը, սոսկ հանգիստ կազմակերպելը չէ, այլ՝ սիրո, ընկերության, ի վերջո ընտանեական մթնոլորտ ստեղծելը: Մեկ ճամբար՝ մեկ ընտանիք:

 

Զարա Ղազարյան

Դիտվել է 482 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք