Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Աստված երբեք չի լքում»

Իր չարչարանքների և մահվան գնով մեր Տերը մարդկությանը ցույց տվեց բարու և ճշմարտի հավիտենական լույսը և այդ լույսով՝ մարդկային հոգու և փրկության անմահության ճանապարհը: Այն սրբացնում է անհատի կյանքը: Ս. Հաղորդության խորհուրդը քավություն է մեղքերից և հաշտություն Աստծո հետ:
 
Ամեն անգամ Ս. Պատարագի խորհրդով Աստված դարձյալ ներկա է մեր մեջ՝ «լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհաննես 1:14): Այդ շնորհները ստանալու և Աստծո ներկայությունը վերապրելու համար արդեն տասը տարի է, ինչ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաները այցելում են Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցի և մասնակցում Ս. Պատարագին:
 
«Այս ամենը մեկ նպատակ ունի` ճանաչել Աստծուն: Այս կերպ սովորում ենք օգնել իրար, հոգ տանել, շփվել, սիրել: Նրանք պետք է իմանան, որ կա Աստված և Նա կօգնի հաղթահարել ամեն տեսակ դժվարություն: Նրանք գիտեն՝ որտեղ էլ լինեն, ինչ իրավիճակում էլ հայտնվեն, կա մեկը, ով երբեք չի լքում»,-ասում է երեցկինը՝ տիկին Անահիտը:
 
Նախկինում հոգևորականը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն, ինքն էր այցելում մանկատուն և հոգևոր զրույցներ ունենում սաների հետ, այժմ արդեն երեխաներն են մեծ սիրով գալիս եկեղեցի, մասնակցում՝ Ս. Պատարագին, որին հաջորդում է սիրո ճաշը:
 
Համայնքում բոլորը սիրով և անհամբերությամբ են սպասում կիրակի օրերին: Բոլորը սպասում են, թե երբ են գալու երեխաները: Սա մի յուրահատուկ ընտանեկան մթոլորտ է ստեղծում, որը հիմնված է սիրո և միմյանց հանդեպ հոգատարություն դրսևորելու վրա:
 
Անահիտ Մարկոսյան 
Դիտվել է 105 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք