Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Բամբակը» չիր է պատրաստում «Զանգակի» նվիրած չրանոցում

Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավան համայնքի մի բակ վերջին շրջանում դարձել է գյուղի ամենահետաքրքրական վայրերից մեկը։ Այստեղ ձևավորվել է հայկական ազգային կոլորիտն իր մեջ կրող ու ներկայացնող մի անկյուն`արևային չրանոց, որտեղ այս օրերին «հայկական խնձորից»` ծիրանից, քաղցրահամ չիր են ստանում։ 
 

Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը դեռ գարնանն ուրախությամբ պատմում էր, որ իրենց համայնքում ձևավորված «Բամբակ» տիկնանց միության առաջարկին արագ արձագանքել են տղամարդկանց «Զանգակ» միության անդամները: Չորանոց ունենալու միտքը կար նոյեմբերից, բայց աշխատանքները սկսվեցին գարնանը, երբ «զանգակները» կառուցեցին ջերմոցը: «Բամբակները» գործի անցան հունիսի 22-ից`բերքի հասունացմանը զուգահեռ:


«Բամբակ» տիկնանց միության անդամներից Աննայի խոսքով՝ ֆինանսական աղբյուր ունենալու գաղափարը վաղուց ունեին` իրենց առաջ դրված նպատակներն իրագործելու համար:


«Ցանկանում էինք սեփական միջոցներով գյուղում ձևավորել գեղեցիկ միջավայր։ Չրի արտադրությունից ստացվող գումարը ցանկանում ենք օգտագործել նաև ուխտագնացություններ կազմակերպելու, ճանապարհները բարեկարգելու և համայնքային կյանքում ներդրումներ կատարելու համար։ Դեռևս միայն ծիրանից ենք չիր պատրաստում, սակայն շուտով տեսականին կավելացնենք», - պատմում է Աննան։
Մաքուր ու բնական չրի առաջին արդյունքն արդեն կա, և կանայք մեծ ակնկալիքներ ունեն: Չրի առաջին խմբաքանակները շուտով փաթեթավորվելու և սպասելու են իրենց գնորդներին։


«Առաջին արդյուքները ցույց են տալիս, որ ամեն ինչ լավ է ստացվում: Գիտենք, որ այս ամենը բոլորիս աղոթքի արդյունքն է»,- ժպիտով հավելում է Աննան։


Ծիրանը՝ «հայկական խնձորը», ի բնե սերված է եղել հայ հողից, սերտաճած` հայ ժողովրդին ու մշակույթին:


Գերմանացի ճանապարհորդ, բնագետ Մորից Վագները 1840 թվականի երկրաշարժից երեք տարի անց` 1843թ., Խաչատուր Աբովյանի հետ բարձրանալով Ակոռի գյուղի տեղանքը, որը կործանվել էր երկրաշարժից, զարմացած է մնում՝ տեսնելով գյուղի անվնաս մնացած 13 ծիրանենիները։


- Ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է։ Այսպիսի հրաշք կարող է միայն Հայոց աշխարհում լինել։ Ամեն ինչ կործանվել է, համարյա բան չի մնացել, բայց ամենակարող շարժը չի կարողացել գետնին տապալել հայկական ծիրանենիները։ Չէ՛, Խաչատուր, սա մեծ խորհուրդ ունի։


Ասորական, հունական, հայկական սեպագիր արձանագրությունները վկայում են, որ սկսած նեոլիթից` հազարամյակներ շարունակ, Արարատյան դաշտում և պատմական այլ գավառներում պտղատու ծառատեսակների մեծ մասը եղել են ծիրանենիները։


Եվ այսօր, ինչպես հազարամյակներ առաջ, ծիրանենին շարունակում է մնալ Հայաստանում տարածված ամենաազգային պտղատու ծառատեսակը։
Ծիրանի պտուղները օգտագործում են թե՛ թարմ, թե՛ չորացված վիճակում։ Հատկապես չրի օգտագործումը բավականին հին ավանդույթ է Հայաստանում։


Ահա այսպիսի ամուր հիմք ունեցող ավանդույթների վրա հենվելով է, որ տիկնանց միության անդամները սկսել են իրենց գործը, որն, անշուշտ, պետք է տա իր դրական արդյունքը։ Այլ պտուղների հասունացմանը զուգահեռ, ինչպես հավատացնում են աշխատակիցները, չրերի տեսականին կմեծանա:

 

 

Հասմիկ Թամամյան

Ծիրանաչիր Ծիրանաչիր Ծիրանաչիր Ծիրանաչիր Ծիրանաչիր Ծիրանաչիր Ծիրանաչիր Ծիրանաչիր
Դիտվել է 1702 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք