Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տ. Նավասարդ Սրբազանի օրհնության խոսքը Ծաղկազարդի առթիվ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ  ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝       ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

«ՕՐՀՆԵՑԷՔ,  ԳՈՎԵՑԷՔ  ԵՒ  ԲԱՐՁՐ  ԱՐԱՐԷՔ  ԶՆԱ  ՅԱՒԻՏԵԱՆ»

Ժամագիրք

 

Սիրելի՛ք,

Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին մարտի 29-ին տոնախմբում է Ծաղկազարդը, որը  Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական  մուտքի հիշատակությունն է: Ն. Ս. Օ. Տ. Տ.  Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հայտարարվել է մանուկների օրհնության օր: Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով բողբոջած ոստերը,  ասում էին. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթեոս ԻԱ 15), իսկ ներկաները՝  բարձրաձայնում. «Ահա ես և իմ մանուկները, որ Աստված ինձ պարգևեց, բոլորս կանք և ակնկալում ենք տեսնել Քրիստոսին և լսել Նրա երանավետ խոսքը» (Եսայի Ը 18):  Հիսուս շատ է սիրում մանուկներին և հորդորում է, որ նրանց  պես մաքուր ու անարատ լինենք, որպեսզի արժանանք Իր տեսությանն ու երկնքի  արքայությանը (տե՛ս Մարկոս Ժ 15):

Եվ երբ Տերը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և մարդիկ, արմավենիների ճյուղեր վերցնելով, ելան Նրան ընդառաջ: Երուսաղեմում «Փառաց Թագավորն» Իր հաղթական մուտքով ազդարարեց  փրկագործության սկիզբը: Հիսուս ներկաներին ցույց տվեց, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամավոր հանձնառությամբ պատարագվելու է մարդկության փրկության համար: Պահեցողության այս օրերի մեջ արմավենիներով ընդառաջ գալը խորհրդանշական է  յուրաքանչյուրիս համար: Ամենքս էլ  Տիրոջ առաջ պիտի ելնենք զանազան առաքինություններով հանդերձավորված  և մեր ձեռքում ունենանք սիրով ու բարությամբ արարված բազմաթիվ գործեր:

Ծաղկազարդին հաջորդող շաբաթ օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հարության օրն է:  Երբ Ճրագալույցի Սբ. Պատարագին հնչած ավետիսով ու եկեղեցուց տարված լույսով լուսավորվեն մեր օջախները, մեր հոգիներում մեղմ կհնչի հարուցյալ Հիսուսի բաղձալի ձայնը. «Խաղաղությո՜ւն ձեզ»: Եվ որպես հարամնա սիրո խոստում՝  կհուսադրի ամենքիս՝ ասելով հետևյալ խոսքերը. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20):

Մեր աղոթքն է, որ Բարեսեր  Աստված Իր հաղթական մուտքով հրավառի բոլորիս հոգիները, ցանի սիրո կենարար հունդերը մեր սրտերի մեջ և ամենքիս պարգևի փրկարար, գթառատ ու հոգեշահ ներշնչանքներ՝ ի բարօրություն մեր ազգի և Հայրենիքի:

 

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

 

 

 

Դիտվել է 1305 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք