Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Հաղթանակի աղոթք» առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

Մայիսի 9-ին` հավարտ երեկոյան ժամերգության, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց «Հաղթանակի աղոթք»: Այն նախաձեռնել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների անդամները:


Եկեղեցում հավախմբված երիտասարդներն ու զինվորները Սրբազան հոր առաջնորդությամբ աղոթք վերառաքեցին առ Աստված՝ հայցելով խաղաղություն մեր Հայրենիքի և գոհություն հայտնելով Ամենազոր Տիրոջը մեր ազգին պարգևած հաղթանակների համար, ինչպես նաև՝ ուխտեցին լինել արժանի ժառանգորդը Վարդանանց հերոսների:


Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաներն արդեն երկրորդ անգամ են նախաձեռնում «Հաղթանակի աղոթք»-ը: Թեմի երիտասարդական կառույցները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ նախորդ տարի ուխտի էին գնացել Արցախ և մայիսի 8-ին «Հաղթանակի աղոթք» էին վերառաքել Արցախի թեմի Ս. Ղազանչեցոց եկեցեցում` Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ:



Հաղթանակի աղոթք


«Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»:
Սաղմոս ԽԱ 17


Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհ արեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ: Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27):

«Տէր Աստուած մեր, տու՛ր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի… Նշանաւ սուրբ եւ պատուական խաչի քո՝ հալածեա՛ սահմանաց մերոց եւ ի բարկութենէ մերմէ» (Ժամագիրք):

Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:

Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը:

Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:

 

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 1 1 1 1 1 1
Դիտվել է 1155 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք