Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այցելություն ձեռագրերի հիվանդանոց

Ապրիլի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի մասնակից դպրոցների սաներն ուսուցիչների հետ այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-մատենադարանի ձեռագրերի վերականգնման բաժին: 
 

Նրանց դիմավորեց Մատենադարանի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը և ուղեկցեց Մատենադարանի վերականգնման բաժին: Այստեղ բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը պատանիներին ներկայացրեց ձեռագրերի ու հնատիպ գրքերի վերականգնման փուլերը՝ ախտորոշումից մինչև մագաղաթի ու թղթե էջերի վերականգնում, էջակապում:


Պատանիները շրջեցին բաժնի տարբեր աշխատակիցների սենյակներում, տեսան, թե ինչպես են վերականգնվում մանրանկարները, ինչպես են նորոգվում էջերն ու ինչ գործընթացների են ենթարկվում: Նրանք ծանոթացան նյութերի, գործիքների հետ, որոնցով կատարվում է վերականգնումը, իմացան սնկային ու բակտերիալ հիվանդությունների մասին, որոնցով հիվանդանում են ձեռագիր մատյաններն ու տպագիր գրքերը: Նրանց հնարավորություն տրվեց շոշափել Անիից մեզ հասած առաջին տպագիր գրքի ու այդ պահին վերականգնվող մագաղաթի էջերը: Պատանիների համար այս բաժինը նույնացվեց հիվանդանոցի հետ. նրանք անգամ տարբեր սենյակներ համեմատեցին վերականգնողական ու վերակենդանացման բաժինների հետ, հատկապես՝ մասնագետների սեղաններին բժշկական տարբեր գործիքներ նկատելուց հետո:


Այցելությունը կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում: Նախորդ տարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի աջակցությամբ իրականացվեց այցելությունների ու դասախոսությունների շարք, որի նպատակն էր դպրոցներում խթանել գրաբարի ուսուցումն ու մեծացնել պատանիների հետաքրքրությունը մեր մշակութային ժառանգության նկատմամբ: Պատանիներն այս անգամ Մատենադարան էին գալիս ոչ թե որպես այցելու, այլ որպես ապագա աշխատակից: Ըստ նրանց ապագա մասնագիտացման՝ Մատենադարանի գիտաշխատողները նրանց ներկայացնում էին պահվող ձեռագիր ու տպագիր գրքերի գիտական հարուստ պաշարը, որը կարող է օգտակար լինել հետագա աշխատանքում:


Ծրագրին մասնակցեց Երևանի պետական ու մասնավոր ավագ ու հիմնական դպրոցների շուրջ 80 աշակերտ և ուսուցիչ: Այդ այցելությունների ընթացքում պատանիները չափազանց ոգևորվեցին և խնդրեցին այցելություն կազմակերպել ձեռագրերի վերականգնողական բաժին:
«Գրաբարյան օրեր» ծրագիրն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացվում է շուրջ 4 տարի: Այս ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ՝ բաց դասեր, գրաբարյան ընթերցումներ, օլիմպիադաներ, ուխտագնացություններ, հայագիտական ամառային ճամբար և այլն: Այս ամենն իր շոշափելի արդյունքն արդեն տալիս է, քանի որ ավելի ու ավելի շատ պատանիներ են հետաքրքրվում գրաբարի ուսուցմամբ:


Բազմաթիվ դպրոցներում գործում են գրաբարի խմբակներ: Երևանի թիվ 2 ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարաններից մեկում այն պարտադիր առարկաների շարքում է: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անգամ կրտսեր տարիքի երեխաների համար են գրաբարի հանձնարարություններ կազմվում: Երկու տարի է, որ այստեղ կազմակերպվում է գրաբարի առցանց օլիմպիադա:


«Գրաբարյան օրեր» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՆ, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության բաժինների ու «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Մատենադարան Մատենադարան Մատենադարան Մատենադարան
Դիտվել է 1163 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք