Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հոգևոր դաստիարակությունը պետք է սկսվի հղիության շրջանից

Ապրիլի 27-ին Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի Թարգմանչության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 2-րդ կուրսի լրագրության խմբի ուսանողները հյուրընկալվեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Հանդիպման նախաձեռնողը լրագրության վարպետության դասախոս Լիլիկ Ստեփանյանն էր: Հանդիպումն Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանի հետ էր: Ուսանողները նախօրոք հարցեր էին պատրաստել, որոնց էլ նա սիրով պատասխանեց: Բրյուսովցիներին հետաքրքրում էր ամեն ինչ՝ կուսակրոնությունից մինչև տարբեր հարանվանումների հետ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունները, մոմավաճառությունից մինչև մկրտության խորհուրդն ու պահքը: 

 

Տեր Եսայի քահանա Արթենյանը Հայաստանում գործող կրոնական տարբեր կազմակերպությունները «հոգևոր fast food» (արագ սնունդ) անվանեց՝ բերելով առաքելական հավատքից շեղման, մարդկանց մոլորեցնելու կոնկրետ օրինակներ: Քահանան խոսեց պահքի, ծոմի, մեղքի և ապաշխարհության, եկեղեցու խորհուրդների և հոգևորականի ապրելակերպի մասին: «Ինչո՞ւ կանայք եկեղեցական պաշտոններ չունեն» հարցի պատասխանից ուսանողներն իմացան, որ դարասկզբին մեր եկեղեցում եղել են սարկավագուհիներ: Տեր Եսային հավելեց, որ Աստծուն ծառայելու համար պարտադիր չէ օծյալ հոգևորական լինել, որ կանայք լիարժեքորեն ծառայում են եկեղեցուն՝ մասնակցելով տարբեր սոցիալական, հասարակական և բարեգործական ծրագրերի: Նա մեջբերեց Գարեգին Ա կաթողիկոսի խոսքը՝ «Կինն իր ընտանիքի քահանան է՝ օծված մայրական սիրով»: Կարևորելով եկեղեցու դերը ժողովրդի կյանքում ՝ Տեր Եսային բացատրեց, որ կան արարողություններ, որոնք տեղի են ունենում միայն եկեղեցում և դրանց մասնակցելու համար հավատացյալը պետք է գա եկեղեցի: «Մարդկանց թվում է, թե մենք եկեղեցի պիտի գանք ինչ-որ բան տալու: Եկեղեցին տալու համար չէ. այն վերցնելու համար է»:

 

Ուսանողներին նաև հետաքրքրում էր, թե ինչու հին և կիսաքանդ եկեղեցիները նորոգելու փոխարեն նորերն են կառուցվում: Տեր Եսային ասաց, որ մի կողմից կիսաքանդ եկեղեցիները ոչ միշտ է հեշտ վերանորոգել, մյուս կողմից էլ եկեղեցաշինության հիմքում դրված է ազգապահպանության և հոգևոր դաստիարակության խնդիրը. եկեղեցիներ են կառուցվում հատկապես այն վայրերում, որտեղ դրանք չկան, որպեսզի աղանդավորները հետ քաշվեն, որ մարդիկ հոգևոր կրթություն ստանան, կարողանան ամրացնել իրենց կապը եկեղեցու հետ:

 

Այն հարցին, թե ո՞ր տարիքից է խրախուսվում սկսել երեխայի հոգևոր դաստիարակությունը, Տեր Եսային պատասխանեց. «Հղիության առաջին իսկ շրջանից» և հավելեց, որ տարբեր տարիքային խմբերի երեխաներին պետք է ցույց տալ համապատասխան մոտեցում: Նա կարևորեց մկրտության դերը երեխայի հոգևոր դաստիարակության գործում:
Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում Տեր Եսային պատասխանեց բոլոր հարցերին, բայց ուսանողները հասկացան, որ շատ ու շատ նոր հարցեր առաջացան, որոնց մի մասի պատասխանը գուցե ինքնուրույն փնտրեն, մի մասի համար էլ կարող են նոր հանդիպում խնդրել Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

 


Սաթենիկ Հարությունյան, Հռիփսիմե Հայրապետյան
Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ 2-րդ կուրսի
«Անգլերեն և միջազգային լրագրություն» խմբի ուսանողներ

 

 

 

Դիտվել է 1050 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք