Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կաթողիկոսի հրաժարականի շարժումը հրահրված է օտար ուժերի կողմից, և այն նպատակ ունի քայքայել Հայ եկեղեցին. պատմաբան

Կաթողիկոսի հրաժարականի շարժումը հրահրված է օտար ուժերի կողմից, և այն նպատակ ունի քայքայել Հայ եկեղեցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Ավագ Հարությունյանը:

«Կան մարդկային հոգեբանական տիպեր, որոնք տառապում են անլիարժեքությամբ և անընդհատ ձգտում են ինքնադրսևորվել: Այդ մի քանի տասնյակ ցուցարարները նոր իրականության պայմաններում երևի պաշտոններ չեն ստեցել և այդ կերպ պետք է ինքնադրսևորվեն»,- նշեց նա:

Ցուցարարները հայտարարում են, որ իրենց պայքարը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ կաթողիկոսի անձի, սակայն Ավագ Հարությունյանի կարծիքով՝ նրանց առջև դրված խնդիրը հայոց եկեղեցին քայքայելն է. «Գարեգին Բ-ն էլ չլիներ կաթողիկոս, միևնույն է այս շարժումը լինելու էր: Սա օտար ուժերի կողմից հրահրված շարժում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժումն արդեն տևական ժամանակ է, ինչ բողոքի ակցիաներ է իրականացնում՝ պահանջով կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
 Շարժումը նոր ռազմավարություն է մշակել և հունիսի 30-ից ակցիաներ պետք է տեղի ունենան Էջմիածին քաղաքում:

Ըստ Ավագ Հարությունյանի՝ Կաթողիկոսը պարտավոր էր կարգալույծ անել Կորյուն աբեղային:

Պատմաբանը նշում է, որ վերջին 100-ամյակի ընթացքում Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու երկու դեպք է եղել՝ 1908 թ. Օսմանյան կայսրությունում երիտթուրքական հեղափոխությունից հետո և 1920-ական թվականներին՝ խորհրդայնացումից հետո:

«Այս իրադարձություններին հետևելով՝ 100 տարի առաջվա դեպքերն եմ հիշում: 1908 թ. Հայրապետ Մաղաքյան պատրիարք Օրմանյանին ուղղված մեղադրանքները և Գարեգին Բ-ին ուղղված մեղադրանքները շատ նմանություններ ունեն: Իսկ խորհրդայնացումից հետո մի շարք կրոնական գործիչներ դարձան հանկարծ թունդ աթեիստներ և ստեղծվեց անաստվածների շարժումը, որի նպատակը եկեղեցին քայքայելն էր»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ներկա շարժումն իրականացնում են մի քանի տասնյակ քաղաքացիներ,  սակայն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին և նրա գահակալը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ամբողջ հայ ժողովրդինն են:

«Մեր եկեղեցին շատ եկեղեցիներից տարբերվում է, որ դավանաբանության հիմնասկզբունքներից են ներողամտությունը և ազատախոհությունը: Հայ եկեղեցին այս երկու հատկանիշների պատճառով տուժել է»,- նշեց նա:

 

Հակոբ Ասլանյան

Սկզբնաղբյուր՝  Tert.am

Դիտվել է 1777 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք