Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Իտալական հեքիաթն ու հայկական Միջինքը։ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում տոնեցին Միջինքը

- Գիտե՞ք Միջինքը որն է, - հարցնում է քահանան:
- Այո,- վստահ պատասխանում է երկրորդ շարքում նստած փոքրիկը:
- Եվ ո՞րն է, - ուրախ հարցնում է քահանան:
Լռություն:


Մեծ Պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որի մեջ դրվում էր նշան՝ դրամ, ուլունք, խաչ և այլն։


Ավանդույթները շարունակելով՝ մարտի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի, Տեր Թովմա քահանա Անդրեասյանի և Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ այցելեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր՝ Միջինքը նշելու երեխաների հետ։


«Միջինքի գաղափարի մեջ երեխաների համար ամենահիշվողը երևի գաթան կտրելն է և այն, թե ո՞ւմ կընկնի կոպեկը: Այս պատճառով Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները փոքրիկների համար բերել են միջինքի գաթաներ, որոնց մեջ կան օրհնված խաչեր», - ասում է Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը։


Մինչ հիվանդասենյակներ այցելելը նրանք երեխաների հետ դիտեցին Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի բեմադրած թատերական ներկայացումը՝ իտալական հեքիաթը ճշմարտախոս Մասարոյի մասին:


- Մեծ Պահքի ընթացքում շատ կարևոր է չստելու պատգամը պահելը և փոխանցելը. Յունիմա-Հայաստանի և «Կարապետ» տիկնիկային թատրոնի դերասաններն այսօր հենց սա էին փորձում փոխանցել ներկաներին և փոքրիկներին, - ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սաֆարյանը:


Թատերական ներկայացումից հետո տեր հայրերը օրհնության խոսք ասացին, և երիտասարդները փոքրիկներին բաժանեցին միջինքի գաթան և նվերներ։ Գաթայի յուրաքանչյուր կտորի մեջ Երուսաղեմից բերված` օրհնված խաչ կար, և բոլոր երեխաները բացի փոքրիկ նվերներից նաև խաչեր ստացան։


Միջոցառումից հետո քահանաները Բժշկության կարգ կատարեցին հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող նորածինների համար։


Հասմիկ Թամամյան

Միջինք Միջինք Միջինք Միջինք
Դիտվել է 6308 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք