Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Սարգսի տոնին ընդառաջ հոգևորականները հանդիպեցին ուսանողների հետ

Փետրվարի 9-ին, Ս. Սարգսի տոնին ընդառաջ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում-զրույց ուսանողների համար: 
 

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատարներ Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, Տեր Վահան քահանա Առաքելյանը և սպասավոր Գևորգ սարկավագ Համբարձումյանը hամալասարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ զրուցեցին Ս. Սարգսի վարքի, տոնի խորհրդի, ժողովրդական սովորույթների մասին:


Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով: Մինչ զրուցը ՀԵՀԵՄ բուհերի հոգևոր համակարգող Գեղամ սարկավագ Ավետիսյանն իր խոսքում կարևորեց նման հանդիպումները, որոնք ուսանողների համար առիթ են եկեղեցական տոների հետ կապված հարցերը հոգևորականների հետ քննարկելու համար:


Հոգևոր հայրերն ուսանողներին Ս. Սարգսի տոնի խորհուրդը ներկայացնելուց բացի, անդրադարձան տոնին առնչվող ավանդապատումներին, ժողովրդական սովորություններին, որոնք են՝ աղի բլիթ ուտելը, բակում կամ տանիքին սկուտեղով փոխինձ դնելը, ցանկապատին կամ ծառի բնին մի փոքր խաշիլ դնելը և այլն:


Զրույցի ավարտին հոգևորականները պատասխանեցին ուսանողների հարցերին, ապա համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան Իռենա Մանդոյանը ռեկտորատի և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասին՝ ուսանողների համար նման հանդիպում կազմակերպելու համար:
Այնուհետև հոգևորականները Սրբազան Հոր կողմից ուսանողներին հանձնեցին նվերներ՝ Ս. Սարգսի պատկերով տետրեր, նոթատետրեր և գրիչներ:



Կարինե Սուգիկյան

Դիտվել է 313 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք