Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Առաջին ուխտի Պատարագը Արատաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում

Մայիսի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանն էր։

 

Արարողությանը ներկա էին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, թեմի բազմաթիվ համայնքներ՝ իրենց հովիվների գլխավորությամբ։

 

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրն օծվեց Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին և հենց այդ առթիվ էլ մայիսի 31- ը հռչակվել Է եկեղեցու ուխտի օր։

 

Շնորհավորելով արտաշատցիներին՝ Սրբազան հայրն ի մասնավորի ասաց.

 

«Մեծարգո տիա՛ր վարչապետ, հարգարժա՛ն մարզպետ և ներկայացուցիչներ քաղաքային իշխանությունների, սիրելի՛ բարեպաշտ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,Աստվածային բարեսիրության և Աբրահամյան գերդաստանի` հանձին Հովիկ Աբրահամյանի նվիրումի ու ջանադրության շնորհիվ մեկ տարի առաջ այս օրհնաբեր հողի վրա՝ ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի օծվեց Աստծո և Նրա հավատարիմ հոտի հավատքի տունը՝ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաքյալ եկեղեցին: «Եկեղեցաշինությունը իրական հայրենաշինություն է, որովհետև եկեղեցին սոսկ քարաշեն կառույց չէ, այլ հոգևոր և բարոյական արժեքների գանձարան է…» (Գարեգին Բ Հայրապետ): Հայ եկեղեցին միշտ էլ եղել է և կլինի մեր ազգի ինքնաճանաչման, ինքնամաքրման, հայակերտումի և ինքնությունը պահելու հզոր գրավականը: Այն հայի հոգու նորոգումի, աստվածային ջերմ սիրո և մերձավորության ակունքն է, երկնային արքայություն տանող լուսեղեն ճանապարհը, որ առաջնորդում է «ի խաւարէ ի լոյս, յապականութենէ յանապականութիւն, յանգիտութենէ ի գիտութիւն ճշմարտութեան»:


Սիրելի՛ արտաշատցիներ, եղե՛ք մեր սուրբ հայրերի ավանդության պահպանողն ու կրողը: Վերագիտակցե՛ք և արժևորե՛ք հոգևորն ու ազգայինը, անաղա՛րտ պահեք ձեզ վստահված հոգևոր ժառանգությունը: Թող Բարեգութ Աստված մշտանորոգ պահի ձեր հավատքը, Սուրբ Հոգու շնորհներով զարդարի աղոթատենչ ձեր հոգիները, որպեսզի Տիրոջ սիրասուն առաքյալի անունը կրող այս զորավոր Եկեղեցին դառնա լուսավորչահաստատ հավատքի զորեղ սյուներից մեկը ձեր հինավուրց ու նվիրական հողի վրա:


Մեր աղոթքն է, որ Սուրբ Հովհաննես Առաքյալի բարեխոսությամբ Ամենակարող Աստված Իր երկնառաք ու կենսաբուխ շնորհներով այս հոյակերտ Եկեղեցին դարձնի բյուր-բյուր հոգվոց խաղաղության աղբյուր, վշտացյալների մխիթարության օրրան, խթան ու առաջմղիչ ուժ հոգևոր նորոգության և հավերժագնացության ճանապարհ՝ ի փրկություն աստվածատենչ հոգիների: Ամեն»:


Արարողության ավարտին Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:


Տոնի առթիվ համայնքը եկեղեցու բակում կազմակերպել էր համերգ՝ Արտաշատի արտադպրոցական ուսումնական հաստատության սաների և եկեղեցու երիտասարդաց միության անդամների մասնակցությամբ:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 2 3
Դիտվել է 1182 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք