Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

ԱՀԹ երիտասարդները ամրապնդում են զինվորի հետ կապերը

 Երբ զինվորը կիթառը ձեռքին երգում է իր զոհված ընկերների մասին, ուրեմն հաստատ նա շատ բան ունի ասելու։

 

«Մի՞թե, Տե՛ր, չի լսվի ձայնը նրանց շարային քայլի։ Դու լսիր իմ այս խնդրանքը, Տեր, ու դարձրու նրանց հրեշտակներ։ Չէ՞ որ նրանք հրեշտակի նման կանգնած էին մեզ պահապան»։ - Մարտական հերթապահություն իրականացնելիս շատ ես ապավինում Աստծուն։

 

Դիրքերում կանգնած հույսդ միայն Աստված է։ Իսկ մահվան վախի գործոնը քչացնելու հարցում մեզ օգնում են բանակի սարկավագները, - ասում է Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինծառայող Ռուբեն Եսայանը։

 

Զինվոր և երիտասարդ, բանակ և եկեղեցի։ Այս և շատ այլ թեմաների շուրջ զրուցելու նպատակով  դեկտեմբերի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ թեմի երիտասարդների կողմից կազմակերպված հանդիպում ՀՀ ԶՈՒ 5-րդ կորպուսի զինվորների հետ։

 

Հանդիպումն իրականացվեց ՀՀ ԶՈՒ բանակի հոգևոր հովվության՝ երիտասարդներին զինվորական ծառայության գրավչությունը ներկայացնելու ծրագրի շրջանակներում: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո երիտասարդաց միության անդամ Միլենա Կլոյանը ներկայացրեց Արարատյան Հայրապետական թեմի և Պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերն՝ ուղղված զինվոր-երիտասարդ կապի ամրապնդմանը, զոհված զինծառայողների ընտանիքների աջակցությանը և այլն։ Որից հետո խոսքը տրվեց Տեր Ենովք քահանա Եսայանին: - Հայրենիքի ծառայությանն ու պաշտպանությանը զինվորագրվելը հայ մարդու համար պարտադրյալ ու անխուսափելի մտածողությունից վերափոխվել է պատվաբեր ու նվիրաբեր առաքելության։

 

 Հայրենիքի պաշտպանությունը միայն զինծառայողի գործը չէ, այլ՝ բոլորիս։ Հարկ է, որ ամեն մեկս մեզ զինվոր համարենք այս սուրբ հողի համար, որ Աստված մեզ ի պահ է տվել։

 

Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով հանդիսատեսին ներկայացան Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երգչախումբը, «Նշխարք» վոկալ անսամբլը, «Վարք Հայոց» երգի-պարի ազգագրական համույթը և նորաստեղծ լարային քառյակը: Համերգային մասից հետո տեղի ունեցավ ծրագրին աջակցություն ցուցաբերած անձանց պարգևատրման արարողությանը:

Հանդիպման վերջում ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը փոխանցեց ներկաներին և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին հավելեց․

- Մենք բնույթով ազգային եկեղեցի ենք։

 

Դարեր շարունակ ազգն ու բանակը կամ բանակն ու եկեղեցին միասին են գործել։ Արդեն երկար տարիներ է՝ Արարատյան Հայրապետական թեմն ու Պաշտպանության նախարարությունը համագործակցում են միմյանց հետ՝ իրականացնելով «Մենք մեր զինվորի կողքին ենք», «Բերքից լավագույնը զինվորին», «Հաղթանակի աղոթք», «Նամակ զինվորին» և այլ ծրագրեր։ Այս հանդիպումը հատկապես ուսուցողական է թե՛ երիտասարդների, որպես ապագա զինվորների, թե՛ նրանց ծնողների համար։

 

- Շատ բան ունենք սովորելու զինվորից։ Ինչքան էլ մտնենք նրանց դրության մեջ, այցելենք նրանց, միևնունն է իրական ծառայությունը լրիվ այլ բան է։ Եղբայրս երիտասարդ սպա է։ Երկար ամիսներ տուն չգալուց հետո, երբ վերադառնում է՝ լուռ է։ Գրեթե չի խոսում։Անտրամադիր է լինում։ Հետո իմանում ենք, որ իր ենթակայության տակ գտնվող զինվորներից մեկը վիրավորվել է, հիվանդ է կամ զոհվել է։ Նրանք շատ ծանր են տանում իրենց ընկերների կորուստը կամ վիրավորվելը։ Այսօր, երբ այս զինվոր տղան երգեց, ես հասկացա, թե ինչ կասի եղբայրս, եթե խոսի։ Ես հասկացա, թե նա ինչու չի խոսում ։ Այս տղան երգեց այն, ինչի մասին ամեն օր մտածում ու լռում են մեր զինվորները, - պատմում է հանդիպման մասնակից երիտասարդներից մեկը։

 

Շատ բան ունեն պատմելու մեր զինվորները, և շատ բան ունենք սովորելու նրանցից, ու այսպես է երգում զինվորը՝ կիթառը ձեռքին․ «Դե,  փակվեք երկնքի դարպասներ, թող երբեք էլ չգան զինվորներ։ Աղոթքով՝ մոր սրտից ասված, միշտ պահպանիր նրանց, Տեր Աստված»։  

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Զինվոր Զինվոր Զինվոր Զինվոր Զինվոր Զինվոր Զինվոր
Դիտվել է 985 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք