Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Հակապլաստիկ գրոհ» նախագծի առաջին ֆլեշմոբը

Ապրիլի 30-ին՝ Աշխարհամատրան (Կանաչ) կիրակի, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները «ԹՈՒՄՈ»-ի այգում մասնակցեցին «Հակապլաստիկ գրոհ» նախագծի առաջին ֆլեշմոբին: Նախագծի հեղինակն է Հայաստանում սոցիալական ձեռներեցությունը զարգացնելու և քաղաքային միջավայրը բարելավելու նպատակով ստեղծված Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորը, որը մշակում և իրականացնում է Երևանի բարելավմանն ուղղված քաղաքային նախագծեր: 

 

«Հակապլաստիկ գրոհ» նախագծի նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել պլաստիկ տոպրակներով շրջակա միջավայրի աղտոտման էկոլոգիական հիմնախնդրի վրա:


Միջոցառման ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների և ԵՊՀ բնապահպանական ակումբի կամավորների մի մեծ խումբ այգում գործում ու անցորդներին սովորեցնում էր գործել պայուսակներ, որոնք բացի բնապահպանական կարևորություն ունենալուց նաև շատ գեղեցիկ ու նորաձև են:


Հայ Եկեղեցու հայեցակարգում բնության պահպանությանը հատուկ կարևորություն է տրվում. ըստ մեր Եկեղեցու վարդապետության՝ աշխարհը հանձնված է մարդու խնամքին և յուրաքանչյուրը պարտավոր է խնամել ու հոգ տանել բնությանը:


Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորի աշխատակազմը շաբաթներ առաջ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին էր դիմել՝ համագործակցության խնդրանքով: Սրբազանի օրհնությամբ թեմի երիտասարդները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ սիրով ընդունեցին համագործակցության առաջարկը:


Թեմի երիտասարդ կամավորները մի քանի շաբաթ սովորել էին հելունագործություն` շնորհիվ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքի անդամ ու կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի տիկին Ալվարդի: Նա էլ երիտասարդների հետ այգի էր եկել՝ իր վարպետությունը երևանցիներին փոխանցելու:


Շրջակա միջավայր դեն նետված պլաստիկ տոպրակները պահպանվում են շատ երկար և կենսաբանական քայքայման չեն ենթարկվում` ստեղծելով կայուն և վտանգավոր աղտոտում: Yerevan 2.0-ի նպատակն է հանրությանն առաջարկել ամուր թելերից գործած լարային պայուսակների մի նոր շարք, որոնք շատ ավելի հարմար են բազմակի օգտագործման համար և կարող են լինել պլաստիկ տոպրակների այլընտրանքը: Դրանք գործել կարող է յուրաքանչյուր ոք:


Սա պլաստիկ տոպրակների դեմ մղվող պայքարի միայն սկիզբն է: Առաջիկայում արդեն ծրագրված են մի շարք ձեռնարկներ, որոնք կփոխեն մարդկանց վերաբերմունքը բնության նկատմամբ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Հակապլաստիկ գրոհ Հակապլաստիկ գրոհ Հակապլաստիկ գրոհ
Դիտվել է 914 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք