Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Ծնունդդ շնորհավո՛ր, Ճուտո՛»

 
«Իմ ամենամեծ երազանքը կլիներ, որ Մուլտոն սաղ լիներ ու միասին լինեինք: Վերջին անգամ ասաց, Ռոմ, էս մի անգամն էլ գնում եմ գամ ու վերջ: Ցավոք սրտի ընկերս գնաց ու հավերժացավ: Նրա երազանքն էր Շուշին ազատագրված տեսնելը: Փառք ու պատիվ նրան ու բոլոր մեր հերոսացած տղաներին: Այսօր մեր կարևորագույն խնդիրը ոչ թե միայն նրանց ուղղակի հիշելն է, այլ՝ նրանց գործը շարունակելը: Մենք ունենք պարտավորվածություն մեր բոլոր գնացած տղաների առաջ՝ կերտել նոր հաղթանակներ»,-արցունքներն աչքերին ասում է Երվանդ Կարապետյանի՝ Ճուտոյի, մարտական ընկեր Ռոմիկ Մխիթարյանը:
 
Ճուտոն, ում ընկերները նաև Մոլտո էին ասում, բացի Շուշիի ազատագրումից ուներ ևս մեկ երազանք: Այդ օրերին Երվանդը սիրահարված էր և ցանկանում էր Շուշիից վերադառնալ ու ամուսնանալ: 
Երվանդը փոքրամարմին էր, ինչի համար ստացել էր Ճուտո մականունը: Մեծ սրտի ու հոգու տեր էր, բարի, անկեղծ: Անչափ սիրում էր հայրենիքը: Երբ սկսվեց Հայաստանի սահմանների պաշտպանությունը, Երվանդը իր եղբոր հետ ինքնաշեն զենքերով որպես կամավորական մեկնեցին սահման՝ Երասխավան, Նոյեմբերյան, Տավուշ, Իջևան: Նա կռիվներին մասնակցել է տարբեր ջոկատների կազմում:
 
1992թ-ի մայիսի 7-ի գիշերը ժամը 2:30-ին «Հայրենասեր» ջոկատը շարժվեց դեպի Շուշի, որի կազմում էր նաև Երվանդը: Տղաները մագլցում էին ժայռն ի վեր, որտեղից ազերիները նրանց չէին սպասում: Հայտնվեցին մի տեղում, որտեղ քարուքանդ եղած տներից կրակում էին երկու թուրք նշանառու: Տղաները որոշեցին միմյանց պաշտպանելով առաջանալ, երբ Երվանդը նկատեց որ տղաներից մեկը վիրավորվեց, ոտքի կանգնեց ու ասաց. «Ես պահեմ՝դուք առաջացեք»: Սկսեց ավտոմատից կրակահերթեր տեղալ: Այդ ընթացքում տղաները դուրս եկան վտանգավոր գոտուց: Երվանդը կրակում էր կանգնած, և թուրք նշանառուի գնդակը դիպավ նրա գլխին: Երվանդը զոհվեց՝փրկելով ընկերներին: Նա ընկավ՝ չբոլորած 24 տարին: Հունիսի 20-ին կդառնար 50 տարեկան:
 
Հերոսի ծննդյան տարեդարձը միասին նշելու համար «Մայր Հայաստան» ռազմական թանգարանում հավաքվել էին նրա ընտանիքի անդամներն ու մարտական ընկերները: Միջոցառումը սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակար Տեր Երվանդ քահանա Բաբայանի օրհնությամբ, ով քահանայական ձեռնադրության ժամանակ իր անունը ստացել է հենց Ճուտոյի պատվին:
 
«Եթե ինձ մի բան պատահի զենքս կհանձնեք մորս, իսկ եթե ոչինչ չպատահի, վերադառնամ՝ կամուսնանամ»: Երվանդը զոհվեց, սակայն նրա կյանքի պատմությունը յուրաքանչյուր հայորդու համար դարձավ «զենք» ու ոգևորող ուժ: Նա չամուսնացավ ու զավակներ չունեցավ, սակայն նրա օրինակով այսօր հազարավոր հայորդիներ են դաստիարակվում:
 
 
Հասմիկ Թամամյան
Ճուտո Ճուտո Ճուտո Ճուտո
Դիտվել է 2324 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք