Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մեկնարկեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթը

Փետրվարի 7-ին Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթը մեկնարկեց Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Այն կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ: Մրցույթին մասնակցում են մինչև երեսունհինգ տարեկանները: 
 

Մրցույթը մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդատակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը:


Բացման խոսքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն ընդգծեց. «Միջոցառումները նպատակ ունեն ավելի ժողովրդական դարձնել Սուրբ Սարգսի տոնը: Մենք պետք է ունենանք մեր ազգայինը, պետք է մերն այնքան մասսայական ու ճանաչելի դառնա, որ յուրաքանչյուրը ցանկանա դրա մասը կազմել»:


Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը դիմելով մասնակիցներին հույս հայտնեց՝ նշելով. «Այստեղ են հայ մեծանուն նկարիչների անվանացանկը շարունակողները` ապագա Սարյանները, Այվազովսկիները և Գորկիները: Եվ ձեր աշխատանքները կջերմացնեն ոչ միայն մեր սրտերը, այլև այն հանդիսատեսի, ով կտեսնի և կգնահատի դրանք»:


Մասնակիցներից Արթուր Բարսեղյանը հայտնեց, որ պատրաստվում է նկարել Սուրբ Սարգսին, որով փորձելու է արտահայտել իր քրիստոնեական սերն Աստծո նկատմամբ: Ըստ նրա մեր այսօրվա երիտասարդները պետք է փորձեն ավելի շատ արժևորել մեր ազգայինը: Լուսինե Բաղդասարյանը հայտնեց, որ նկարելու է սիրահար զույգ, քանի որ Սուրբ Սարգիսը երիտասարդների և սիրո բարեխոսն է, ով ամենից առաջ ասոցացվում է հենց սիրահարների հետ:


Մասնակիցները մի քանի օր շարունակ հնարավորություն կունենան աշխատել իրենց ստեղծագործությունների վրա, որից հետո դրանք ամբողջական ցուցադրության կհանվեն:


Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 10-ին, հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:

 


Նանե Պետրոսյան
Արաքսյա Փաշոյան

Մեկնարկեց ցուցահանդես Մեկնարկեց ցուցահանդես Մեկնարկեց ցուցահանդես
Դիտվել է 1074 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք