Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ծաղկազարդը մասնակցեց լեհահայոց թեմի պաշտոնական ճանաչման 650-րդ ամյակին

Հոկտեմբերի 14-ին՝ Ս. Թարգմանչաց տոնի խորհրդանշական օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ Վարշավայում տոնվեց Լեհաստանի Կազիմիր Գ Մեծ արքայի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց թեմի պաշտոնական ճանաչման 650-րդ հոբելյանական տարեդարձը:
Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ԼՀ-ում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչներ, Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի դասախոսներ, մեծ թվով հայորդիներ ու լեհ հյուրեր:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և լեհահայ համայնքի հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետի հրավերով միջոցառումներին մասնակցեց նաև թեմի «Ծաղկազարդ» համախումբը՝ գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ:


Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո լեհահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնության գիրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց թեմի հիմնադրման 650-րդ հոբելյանի կապակցությամբ: Հայրապետական պատգամով Նորին Սրբությունը նախ ողջունում, ապա իր գոհունակությունն էր հայտնում լեհաստանաբնակ հայորդիներին, որ իրենց հոգևոր հովիվ Հայր Տաճատի առաջնորդությամբ արդյունավորում են հայ ազգային-եկեղեցական կյանքը և նաև իրենց նպաստը բերում Լեհաստանի բարօրության ու զարգացման գործին: Հայոց Հայրապետը սիրով հորդորում էր նաև Լեհաստանում բնակվող հայորդիներին՝ առ Աստված հավատարմության, եկեղեցանվիրումի և հայրենասիրության մեջ անսասան մնալ և իրենց գալիք սերնդին կրթել և դաստիարակել այնպես, որ նրանք ապագայում դառնան հայոց ազգի և Հայ Եկեղեցու արժանավոր զավակներ և միշտ ամուր պահեն ազգային ինքնագիտակցությունը՝ մշտապես ջանքեր ներդնելով հոգևոր-եկեղեցական կյանքի նորոգ շինությանն ու պայծառությանը:


Ամենայն Հայոց հայրապետի օրհնության գրի ընթերցումից հետո ցուցադրվեց Կազիմիր Գ Մեծ արքայի՝ լատիներեն գրված արտոնագրի պատճենը՝ միաժամանակ ներկայացնելով դրա լեհերեն ու հայերեն թարգմանությունները: Ըստ 1367 թվականի՝ լեհ-լիտվական միացյալ թագավորության Կազիմիր Գ Մեծ արքայի սույն արտոնագրի, վերջինս, հաշվի առնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արքեպիսկոպոսի ազնիվ ծառայությունները և օրինական գործունեությունը, իրավունք էր տվել հայոց Տ. Գրիգոր արքեպիսկոպոսին՝ Լվով քաղաքում անձնական նստավայր հիմնել՝ հայերի կարգերի ու սովորությունների համաձայն, հայոց սեփական իրավունքով քրիստոնեական հավատքը շարունակելու, պահպանելու և դրանք գործածելու համար: Սույն արտոնագիրը, ինչպես հայտնի է, պատմության մեջ լեհ-հայկական հարաբերությունների մասին վկայող առաջին գրավոր փաստաթուղթն է: Արտոնագրում նաև նշվում է, որ Կազիմիր Գ Մեծն իր թագավորության մեջ նշանակված բոլոր տեսակի ենթականերին, անհատ ավագանիներին, բուրգգրաֆներին և այլ պաշտոնյաների հնարավոր բոլոր ձևերով արգելել էր իր մեծահոգի քայլին հակառակ գործողության դիմել և փորձել հայոց Տ. Գրիգոր Արքեպիսկոպոսին իր թեմում և առհասարակ որևէ տարածքում խոչընդոտել: Լեհ արքան կոչ էր արել իր բոլոր ենթականերին օգնել հայոց հոգևոր առաջնորդին, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին արքայի ողորմության կորստյան ներքո, այլ կերպ ասած՝ խիստ պատժի կենթարկվեին:

 

Հոբելյանական միջոցառումը հագեցած էր համերգային հարուստ ու բազմազան ծրագրով: Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախմբի հայ հոգևոր-ազգային հրաշալի երգացանկով գեղեցիկ ելույթից հետո ելույթ ունեցան նաև ջութակահար Գայանե Կոնինյանը (Ֆրանսիա), դաշնակահարներ Յակուբ Կիտովսկին (Լեհաստան), Յոաննա Գրոնկովսկան (Լեհաստան), Զոֆիա Միխալովիչը (Լեհաստան) և մենակատար Աիդա Հարությունյանը (Ֆրանսիա)՝ Կոմիտասի և Ա. Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունների կատարումներով:


Համերգային ծրագրից հետո տեղի ունեցավ Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» և Արշալույս-Ավրորա Մարտիկանյանի «Քրիստոնյաների կոտորածները Հայաստանում» լեհերեն վերահրատարակված գրքերի շնորհանդեսը:


Միջոցառման ավարտին Հոգոշնորհ Տ. Տաճատ վարդապետը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում համատեղ ջանքերով իրականացավ միջոցառումը, ապա կարևորեց սույն հոբելյանական միջոցառման իրականացումը հենց Ս. Թարգմանչաց տոնի խորհրդանշական օրը լեհաստանաբնակ հայորդիների կյանքում: Որպես հայ ազգի սուրբ թարգմանիչների հետնորդներ՝ Հայր Սուրբն իր խոսքում գլխավորապես շեշտեց հայոց երկրից դուրս՝ օտար հողի վրա, հայ ազգի փրկության գրավականների՝ Հայ Եկեղեցու և Հայ Դպրոցի դերն ու նշանակությունը: Նա իր խոսքում ներկա հայորդիներին հիշեցրեց իրարից անբաժան՝ նյութական և հոգևոր հայրենիքի՝ ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության և Հայ Եկեղեցու միաժամանակ գոյության խիստ կարևորությունն ու անհրաժեշտությունը:


Հայր Տաճատը «Ծաղկազարդ» համախմբին ու ևս մի քանի նվիրյալ հայորդիների հանձնեց գնահատանքի և օրհնության գրեր ու շնորհակալագրեր՝ լեհահայոց հոգևոր հովվության հանդեպ նրանց ցուցաբերած նախանձախնդրության բարձր գիտակցության համար:


Վերջում ներկաները հրավիրվեցին պաշտոնական ճաշկերույթի:


Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, «Ծաղկազարդ» համախումբը քառաձայն կատարումներով մասնակցեց Ս. Պատարագին, որը մատուցվեց լեհահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի ձեռամբ:

 

Լուսանկարները՝ Լիպարիտ Պապոյանի և Աննա Ավետիքյանի

Դիտվել է 317 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք