Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս․ Գևորգի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Գևորգի տոնը սիրելի ժողովրդական տոն է: Այն նշվում է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկնող շաբաթ օրը, և նախորդում է Վարագա Ս. Խաչի տոնին։ 
 
Սրբերին նվիրված տոները հայերի մեջ ուղեկցվում էին մատաղներով, ուխտագնացություններով և ուրախ տոնախմբությամբ: Տոները մեծ մասամբ անց էին կացվում ուխտավայրերում, որոնք կրում էին նշվող սրբի անունը: Այդ օրերը վերածվում էին ժողովրդական տոնախմբության: Այս առումով բացառություն չէ  նաև Ս. Գևորգի տոնը: Արարատյան Հայրապետական թեմում գործում է սրբի անունը կրող չորս եկեղեցի՝ Նորագավիթում, Մասիսում, Մարմարաշենում և Կանաչուտում:
Այս տարի Ս. Գևորգ զորավարի տոնը նշվեց սեպտեմբերի 29-ին: Այդ առթիվ Ս. Պատարագ մատուցվեց սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում: 
 
Տոնի առթիվ սրբի մասունքակիր աջը բերվեց Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ հավատացյալները հնարավորություն ունեցան հաղորդակից լինել սրբի մասունքին։ Այնուհետև տեղի ունեցավ մատաղի հյուրասիրություն և համերգային ծրագիր։ Իսկ արդեն ժամերգության ավարտին, համայնքի անդամները՝ Տ. Ղուկաս քահանա Բալայանի գլխավորությամբ խաչի թափորով քայլեցին դեպի Ս. Գևորգ մատուռ, որտեղ կատարվեց խաղաղական ժամերգություն:
 
Տոնի առիթով Նորագավթի Ս.Գևորգ եկեղեցի բերվեց «Ոսկեկող Ավետարանը», որը եկեղեցում մնաց մինչև ժամերգության ավարտը: Ս․ Պատարագից հետո ուխտավորները մասնակցեցին Նորագավթի խորհրդանիշ հանդիսացող դեղձի բերքի օրհնությանը, որից հետո ճաշակեցին դեղձով փլավ։ Այնուհետև Նորագավիթի մշակույթի տան սաների մասնակցությամբ եկեղեցու բակում կազմակերպվեց նաև համերգային ծրագիր։
 
Տոնը մեծ շուքով նշվեց նաև Մասիսի և Կանաչուտի Ս․ Գևորգ  զորավարի անունը կրող եկեղեցիներում։
Դիտվել է 797 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք