Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Կանա»-ի առաջին հանդիպումը Նոր Խարբերդում

Նոր Խարբերդի մշակույթի տան սաների խնդրանքով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնն այսուհետ հանդիպումներ կիրականացնի նաև համայնքի դպրոցականների համար: 
 

Դասընթացները կանցկացվեն շաբաթական մեկ անգամ` 9-13 տարեկան երեխաների համար: Երեխաներին կփոխանցվեն քրիստոնեական անհրաժեշտ գիտելիքներ, կմասնակցեն Ս. Պատարագների, կկազմակերպվեն ուխտագնացություններ:


«Մշակույթի կենտրոնում ունենք բազմաթիվ խմբակներ, սակայն չունենք հոգևորական, ով կզբաղվի երեխաների հոգևոր զարգացմամբ: Համայնքում չկա եկեղեցի, ուր երեխաները կարողանան այցելել և քրիստոնեական դաստիարակություն ստանալ: Հետևելով «Կանա» կենտրոնի ֆեյսբուքյան էջին, դիմեցինք՝ համոզված, որ մեզ կընդառաջեն և մեր երեխաներն Աստծո խոսքը կլսեն», - ասաց Նոր Խարբերդի մշակույթի տան գեղարվեստական ղեկավար Արմինե Բաբայանը:


Մարտի 3-ին նորխարբերդցիների հետ առաջին հանդիպմանը ներկա էին «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Տաճատ ավագա քահանա Դավիդյանը, կենտրոնի պատասխանատու Էլիզա Մանուկյանը, Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Արևշատ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը:


«Երեխաներն ավելի բաց են հոգևոր զրույցների համար, նրանք հարգանք ունեն հոգևորականի հանդեպ, նրանց հետ աշխատելը որքան հեշտ է, այնքան էլ՝ դժվար: Պետք է ճիշտ մոտեցում ընտրել: Ըստ իս, հոգևորականը պետք է խոսի իր անձնական փորձառությունից, պատմի, թե ինքն ինչ էր ուզում, երբ նրանց տարիքում էր, ինչ էր զգում, երբ եկեղեցի էր գնում: Փոքրիկները պետք է հասկանան, որ քահանան սովորական մարդ է: Պետք է խոսենք նրանց հասանելի լեզվով, որպեսզի կարողանանք նրանց մեջ սեր առաջացնել», - ասաց Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը:


Երեխաների հետ զրուցեցին և բազմաթիվ հարցերին պատասխանեցին նաև Տեր Աշոտն ու Տեր Հովսեփը: Երեխաներին բաժանվեցին Ս. Մկրտության մասին գրքույկներ, որպեսզի մյուս հանդիպման ընթացքում խոսվի այդ կարևոր խորհրդի մասին:


«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի պատասխանատուներն ու Արմինե Բաբայանը վստահ են, որ հանդիպումները կամուրջ կհանդիսանան նաև երեխաների ընտանիքների և շրջապատի համար, նրանք իրենց գիտելիքներով ու աշխարհայացքով օրինակ կդառնան բոլորի համար:

 

Նազելի Մարտիրոսյան
 

 

Կանա Խարբերդում Կանա Խարբերդում Կանա Խարբերդում Կանա Խարբերդում
Դիտվել է 994 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք