Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Խաչահանգստի կարգ Ս. Աննա եկեղեցում

«Տեր հայրը սկսեց խաչալվա անել, վերցրեց փոքրիկ պղնձյա խաչը, որ դրված էր Ավետարանի մոտ, երեք անգամ խաչանիշ արեց օրհնած ջուրը, առավ պղնձյա խաչը, թաթախեց օրհնված ջրի մեջ և նրանով խաչաձև գծեց հիվանդի ճակատը.«սա եղիցի բժշկություն և փարատություն ցավոց քոց». երեք անգամ կրկնեց գործողությունը, քահանան խաչալվա ջրից սրսկեց հիվանդի երեսի վրա, ապա ասաց բոլորին.-դե, որդիք, դուք էլ մին-մին եկեք, սուրբ Ավետարանաը համբուրեցեք և օրհնած մասնակից եղեք»։ Այս տողերը կարելի է կարդալ Րաֆֆու «Սալբի» վեպում, որտեղ նկարագրվում է իրական եկեղեցական արարողություն։

 

Հին ժամանակներից մարդիկ ըստ անհրաժեշտության՝ հիվանդների առողջացման, օրհնության, այգիների պտղաբերության և այլնի համար ամանով ջուր էին բերում եկեղեցի և խնդրում, որ քահանան օրհնի այն՝ սուրբ խաչը ջրի մեջ ընկղմելով:

 

Եկեղեցական այս արարողությունը կոչվում է խաչահանգիստ կամ խաչալվա։ Արարողության ընթացքում քահանան խաչով օրհնում է ջուրը, որն այնուհետև բաժանվում է հավատացյալներին՝ որպես բժշկության միջոց։

 

«Տեր, Սուրբ Խաչիդ զորությամբ օրհնիր այս ջուրը քահանայիս ձեռքով և ժողովրդի խնդրանքով», - աղոթում է քահանան և երեք անգամ խաչով խաչակնքում ջուրն ու տալիս մարդկանց՝ ցավերի փարատման և օրհնության համար:

 

Այսօր եկեղեցիներում հաճախ կարելի է հանդիպել խաչալվայի արարողության։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Երևանի Ս. Աննա եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ ամեն հինգշաբթի եկեղեցում կատարվում է բժշկության կարգ և խաչալվայի արարողություն:

 

«Որպեսզի այս ջուրը լինի մեր հոգիների և մարմինների ազատությունը», - ասում է Տեր Զենոնն ու հավատացյալներին խնդրում հերթով մոտենալ ու վերցնել օրհնված ջուրը։ Այնուհետև մարդիկ մոտենում, հերթով վերցնում են օրհնված ջրից ու համբուրում խաչը։

 

Ջուրը եկեղեցում օգտագործվում է տարբեր առիթներով. ջրով մկրտվում են, քահանան լվանում է ձեռքերը Սուրբ Պատարագի սկզբում, Ավագ Հինգշաբթի ջուրն օրհնվում է Ոտնլվայի արարողության համար, ջուրն օրհնվում է Սուրբ Ծննդյան տոնին, ինչպես նաև Տնօրհնեքի և Խաչահանգստի արարողության ժամանակ:

 

«Ես հավատում եմ, որ օրհնված ջուրը մեծ զորություն ունի։ Կարևորը, սակայն, հենց ջուրը չէ, այլ դրա խորհուրդն ու հավատքը։ Եթե հավատով մոտենաս և ի սրտե աղոթես, ապա կբժշկվես», - ասում է Գայանեն։

 

«Ով Տեր Աստված մեր, օրհնիր այս ջրերը' ծառայեցնելով այն Քո ծառաների մաքրության համար: Վանիր սրանից բոլոր վնասակար ու չար բծերն ու ախտերը և սատանայի ամբողջ բռնությունը: Նաև հաստատիր սրա մեջ ամենազոր Սուրբ Հոգուդ շնորհները' բժշկություն, առողջություն և ամենաչարի դեմ հաղթության կարողություն:
Եվ մենք ամենքս սրանով թող արժանանանք Քո օգնությանը և Քո ընդունելությանը, բժշկությանդ, սրբությանդ և անդադար պիտի փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն' այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն»: (Բարսեղ Կեսարացու ջրօրհնյաց աղոթքը):

 

 

Հասմիկ Թամամյան

 

 

Դիտվել է 147 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք