Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ Ս. Սարգսի տոնի առթիվ

Հունվարի 27-ին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Ս. Պատարագ մատուցվեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:

 

Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ ու սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:


Ս. Պատարագից առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի էին բերվել Ս. Սարգսի մասունքակիր աջը և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված ձեռագիր Ավետարանը, որն այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հավատացյալները թափորով դիմավորեցին սրբությունները, որոնք Ս. Պատարագի ընթացքում դրված էին Ս. Սեղանին:


Հավարտ Ս. Պատարագի Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ: Սրբազան հայրը Ս. Սարգսի աջով ու Ավետարանով օրհնեց զինվորներին ու ներկա հավատացյալներին: Արարողության ընթացքում Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ ընդհանրական աղոթք վերառաքվեց՝ հայցելով սրբի բարեխոսությունը.

«Ո՛վ Սուրբ Զորավար և անհաղթ ռազմիկ, որ քաջությամբ հաղթեցիր բարբարոսների դեմ մղած ճակատամարտերում, բարեխո՛ս եղիր մեր հայրենի սահմանների անսասանության և հայոց բանակի զորեղության համար:
Ո՛վ ամենահաս և նեղյալներին զորակից Սուրբ Սարգիս, որ ականջալուր ես քեզ կանչողին, հիշի՛ր քեզ աղոթողներին և ընդունի՛ր նրանց խնդրանքները:
Ո՛վ երիտասարդաց սիրելի Սուրբդ Սարգիս, Մարտիրոս որդուդ հետ բարեխո՛ս եղիր հայոց սիրասուն զավակների համար: Թող սիրո փրկարար զորությամբ հզորանան նրանց երիտասարդ հոգիները՝ աստվածային սիրառատ պատգամներով ապրելու և արարելու համար:
Ո՛վ պանծալի մարտիրոս, որ նահատակության սուրբ պսակով արժանացար երկնային արքայությանը, բարեխո՛ս եղիր հայոց ազգի նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար:
Ո՛վ Քրիստոսի երանելի վկա, թող քո սրբարար մասունքից ճատռագող զորությամբ համախմբվենք և կերտենք նոր հաղթանակներ, քանզի «Սիրո ուժն է անհաղթ»: Ամեն:»


Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 12 տարի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, բացի հոգևոր արարողակարգից, կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված միջոցառումներ: Տոնի ժամանակ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:


Ս. Սարգսի տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվել Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող մյուս երկու՝ Նոր Նորքի և Արգավանդի եկեղեցիներում ևս:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 1045 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք