Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հոսանքին հակառակ։ Խուլերի թատրոն-ստուդիան մասնակցեց մնջախաղի փառատոնին

Սիրո ու հավատի շնորհիվ արթնանում է ամբոխի կարծրացած հոգին։ Այս միտքը նպատակ դարձրած 15 «հոսանքին հակառակ» դերասան ելույթ ունեցավ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին։


Օգոստոսի 10-ից 15-ը Ծաղկաձորում անցկացվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Արարատյան Հայրապետական թեմի «Մենք» խուլերի մնջախաղի թատրոն-ստուդիան նույնպես «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ մասնակցեց փառատոնին։


«Ներկայացման հիմքում անհատի բախումն է հասարակության հետ։ Անհատը կարողանում է դիմակայել չարին և չհանձնվել՝ հավատալով բարությանը, ազնվությանն ու արդարությանը։ Եվ հենց սիրո ու հավատի շնորհիվ է, որ արթնանաում է ամբոխի կարծրացած հոգին։ Մեր նպատակն էր աշխատել պրոֆեսիոնալ դերասանների նման, և խուլերը լիովին կատարեցին իրենց առաջ դրված խնդիրը», - նշեց խմբի գեղարվեստական ղեկավար Իննա Հախնազարյանը։


15 հոգուց բաղկացած խումբը ստեղծվել է 2012 թվականին, սակայն պրոֆեսիոնալ մնջախաղով սկսել են զբաղվել 2014 թվականից՝ համագործակցելով Հայաստանի Մնջախաղի պետական թատրոնի հետ:

 

«Խուլերի մասնակցությունն այս փառատոնին յուրահատուկ հարթակ դարձավ խմբի համար, ինքնադրսևորվելու և նոր ծանոթությունների համար։ Իրենց համար կարևոր էր ինտեգրումը հասարակության մեջ և դա լիովին տեղի ունեցավ։ Հանդիսատեսի հետ ստեղծվել էր մի յուրահատուկ երկխոսություն՝ լուռ երկխոսություն», - ուրախությամբ նշեց Իննա Հախնազարյանը։


«Մենք»-ի կատարած աշխատանքի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին։ Խումբը ստացավ ոսկե մեդալ և սերտիֆիկատ՝ Լ. Ենգիբաևյանի անվան միջազգային հինգերորդ փառատոնին մասնակցելու համար։ Մոտ ապագայում պլանավորվում է նաև համատեղ ներկայացումներ ունենալ Ստեփանակերտի և Վրաստանի խուլերի թատերական խմբերի հետ։


«Բարին քեզ հետ է, ապրի՛ր և պայքարի՛ր։ Մենք նաև այս միտքն էինք ցանկանում հասցնել հանդիսատեսին, որն իմ կարծիքով լիովին տեղ հասավ», - հավելեց խմբի գեղարվեստական ղեկավարը։


Փառատոնն անցկացվեց օգոստոսի 10-15-ը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

 

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 985 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք