Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այցելություն ու աղոթք մարտական հենակետերում ծառայող զինվորների հետ

Ապրիլի 9-ին Արարատյան Հայրապետական թեմից Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արցախի սահմանապահներին օգնություն տանող երեք խմբեր վերադարձել են: Համայնքների անդամների հետ առաջնագիծ էին գնացել Երևանի Ս. Երրորդություն, Դալարի Ս. Աստվածածին, Մխչյանի Ս. Հովհաննես, Արարատի Ս. Հակոբ, Վեդու Ս. Աստվածածին, եկեղեցիների հոգևոր հովիվներ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը, Տ. Եփեմ քահանա Հարությունյանը, Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, Տ. Դավիթ քահանա Սահակյանը և Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը:


Սահմանապահներին օգնելու համար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքները ակտիվ մասնակցում են նյութական ու դրամական աջակցություն հավաքագրելու գործին՝ փորձելով հնարավորինս աջակցել սահմանապահներին: Ինքնաբուխ նախաձեռնությունները համակարգվում են թեմի բարեգործական ծրագրերի գրասենյակի կողմից:


Խմբերը Ստեփանակերտից մեկնել են սահմանային զորամասեր, սնունդը, հագուստն ու հիգենայի պարագաները հասցրել են սահմանային զորամասեր, բարձրացել դիրքեր՝ զորակցելու և ոգևորելու սահմանում ծառայություն իրականացնող զինվորներին ու կամավորներին: Նրանց հետ համատեղ աղոթք են արել զոհվածների հոգիների հանգստության, վիրավորների շուտափույթ ապաքինման ու խաղաղության հաստատման համար:


Առաջիկայում Արցախ կմեկնեն նաև թեմի մյուս համայնքների անդամները՝ քահանաների գլխավորությամբ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 1 1 1 1 1 1 1 1 1
Դիտվել է 1036 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք