Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այց ծննդատուն Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին ընդառաջ

«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը տարիներ առաջ ձևավորվել է մի շատ խորհրդավոր ու գեղեցիկ ավանդույթ։ Յուրաքանչյուր երեխայի ծնունդ այստեղ ազդարարվում է ծննդատան կողքին գտնվող մատուռի զանգերի հնչյուններով։ Ս․ Մարիամ Աստվածածնի անունը կրող մատուռից լսվող ամեն զանգ խորհրդանշում է մի մանկան ծնունդ։

 

Հենց այդ զանգերի ղողանջի ներքո օգոստոսի 12 -ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ այցելեցին ծննդատուն։ Այցը նվիրված էր Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին, քանի որ արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն թեմի երիտասարդները Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելում են ծնդատներ և պոլիկլինիկաներ՝ օրհնելու և փոխանցելու նորածիններին ու նրանց ընտանիքներին Մկրտության խորհուրդը:

 

Երիտասարդները կենտրոնի նորածինների մայրերին և մայրության բերկրանքին սպասող կանանց նվիրեցին մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և թերթոններ՝ հորդորելով չհետաձգել մանուկների մկրտության արարողությունը։

 

Եկեղեցու զանգերը նախատեսված են ոչ միայն ժողովրդին ժամերգության կամ պատարագի հրավիրելու, այլև կարևոր իրադարձություններն ազդարարելու համար: Երեխայի ծնունդը նոր կյանքի ու նոր սկզբի ավետիս է, որի ձայնը ևս մեկ անգամ հիշեցնում է Աստծո օրհնության ու շնորհների մասին։

 

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 943 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք