Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Խաչի քավորը

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»։ Այս խոսքերով, հունվարի 13-ին՝ Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնին, ԱՀԹ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Բաբկեն քահանա Հայրապետյանը ողջունեց եկեղեցու խաչքավոր Արշակ Արշակյանի ընտանիքին։ 
 
Ընդունված կարգի համաձայն` հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, ու տրվում է փրկարար ավետիսը. Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. մեզ և ձեզ մեծ ավետիս։ Տոնի առթիվ նախապես ընտրվում են Սուրբ Ծննդյան կնքահայրեր: 
Սուրբ Եկեղեցու աստվածատես հայրերի հաստատած կանոնների համաձայն` ջրօրհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր, ով խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, ով մկրտեց Հիսուս Քրիստոսին:
 
 
- Խաչի քավոր լինելը հետաքրքիր պատասխանատվություն է։ Դա նույնն է, ինչ ծնող լինելը։  Երեխաներից ամեն մեկը մի կարիք ունի, իսկ դու պետք է խնամես նրան, հոգ տանես։ Խաչի քավոր լինելն էլ այդպիսի մի բան է։ Բայց այս ամենի մեջ կարևոր է, որ մարդ հոգով անի ամեն ինչ․ քավոր լինի, թե ծնող, եկեղեցու համար անի, թե  մերձավորի, - ասում է Եռաբլուրի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցու ջրօրհնեքի խաչի քավոր Արշակ Արշակյանը, ով արդեն երեք տարի է, ինչ ստանձնում է այդ պատասխանատվությունը։
 
 
Խաչն իջեցվում է ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ մկրտության։ Ապա ջուրն օրհնվում է Ս. Խաչով և Մյուռոնով, այնուհետև տարվա խաչքավորը, խաչը ջրից հանելով, տանում է տուն: 
 
 
Ս. Ծննդյան ութօրեքի վերջին օրը, հունվարի 13-ին, քահանան այցելում է խաչքավորի տուն, օրհնում է տունը և խաչը վերադարձնում եկեղեցի: 
Այս ավանդույթին հետևելով` Տեր Բաբկենն այցելեց խաչքավորի տուն, որտեղ կատարեց տնօրհնեքի կարգ։ Օրհնվեց տան հացը, ջուրը և աղը: 
Խորհդավոր, հայկական ու ազգային է քավորի խորհուրդը հայ եկեղեցում և ընտանիքում ու անշուշտ, այս  կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել մյուսներին:
 
 
Յուրաքանչյուր կոչում ունի որոշակի պատասխանատվություն. խաչքավորները պարտավորվում են մի ամբողջ տարի լինել հոգևոր հովվի կողքին և կյանքի կոչել նրա կողմից նախաձեռնած յուրաքանչյուր եկեղեցաշեն ծրագիր: Եթե տարվա խաչքավորը իսկապես հաստատուն մնա իր կարգի մեջ, մի ողջ տարի Աստված կլինի նրա հովանավորը, և հաջողությունները մշտապես կփայլեն նրա բոլոր բարի նախաձեռնություններում։
 
 
Խաչի քավորին ընտրում են` հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենքի և մարդկանց նկատմամբ: Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակ եկեղեցու խաչի քավորն ազատամարտիկ է։
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Xachqavor Xachqavor Xachqavor
Դիտվել է 4271 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք