Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Անտեսանելին տեսանելիի մեջ

Դեկտեմբերի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ թեմի ուսումնական կենտրոնի սրբապատկերի, մանրանկարի, բատիկի տարեվերջյան ամենամյա ցուցահանդեսը:
 

Ցուցահանդեսին ներկայացվեցին կենտրոնի 30 սանի 100-ից ավելի աշխատանք` փայտի, կտավի, մետաքսի վրա, որոնք հիացրեցին ներկաներին իրենց պարզությամբ և մաքրությամբ:


Միջոցառումը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին ու շնորհավորեց ցուցահանդեսի բացման առթիվ:


«Հայ Առաքելական Եկեղեցին սրբանկարների նկատմամբ ունի պատկերահարգ վերաբերմունք և ոչ ավելին: Սրբապատկերներն առաջացել են եկեղեցու սկզբնավորումից ի վեր և ունեցել ոչ այնքան հարթ ճանապարհ: Եկեղեցում օրհնվելուց և օծվելուց հետո սրբապատկերները զետեղվում են մեր Սուրբ Սեղաններին, ատյաններին, որմերի ու սյուների վրա` դառնալով մեր աղոթական վիճակի միջնորդը: Եթե կարճ ձևակերպենք, սրբապատկերները «անտեսանելին են տեսանելիի մեջ»: Մենք աղոթում ենք սրբապատկերների առջև, նկատի ունենալով նրանց մեջ առկա անձին, ում դիմում ենք մեր աղոթքներով` հայցելով նրա զորակցությունը, սրբերի պարագային՝ բարեխոսությունը: Երկնքի ու երկրի եկեղեցին մերձենում են մեր աղոթքներով:


Մեր օրհնությունն ենք բերում այս աշխատանքը կատարողներին: Կենտրոնի սաների գործերը տարեց տարի ավելի բազմազան են դառնում, և ավելի լրջմիտ»:


Ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով տարիներ շարունակ նաև Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ է: Նա բարձր գնահատեց ներկայացված աշխատանքները` կարևորելով դրանց դերը ազգային մշակույթի ներկայացման տեսանկյունից. «Ուրախ եմ, որ առիթ եղավ ծանոթանալու կենտրոնին և սաների այս աշխատանքներին: Մենք յուրաքանչյուրս աշխատում ենք մեր տեղում և հնարավորություն չունենք լիովին տեղեկանալու, թե մեր մշակույթն ու արվեստը Հայ ժողովրդի ինչ ուղղություններով են զարգանում: Ինչ որ այսօր ես տեսա այստեղ, խոսում է այն մասին, որ մենք ունենք երիտասարդ նկարիչներ, ում սիրտն ու հոգին չափազանց մաքուր են: Սրբապատկեր նկարող մարդու սիրտն է, որ կարող է այսքան մաքուր լինել: Եվ այս սրբապատկերների միջոցով այդ մաքրությունը փոխանցվում է մեզ»:


Արարատյան Հայրապետական թեմում գործող այս կենտրոնի նպատակն է Հայ Եկեղեցու զավակներին հաղորդակից դարձնել ազգային քրիստոնեական մշակույթին և կենցաղավարությանը: Կենտրոնը խնդիր է դրել սաներին սովորեցնել Հայ Եկեղեցու դավանանքն ու վարդապետությունը, ծանոթացնել քրիստոնեական սրբերի վարքին և սովորեցնել սրբանկարչության հմտությունները: «Խմբակը գործում է 2008 թվականից: Կարող են միանալ բոլոր ցանկացաղներն՝ առանց տարիքային սահմանափակման: Այստեղ պարտադիր չէ, որ մասնակիցն ունենա նկարչական ձիրք կամ հմտություններ: Կարևորը աղոթական մոտեցումն ու խոնարհությունն է»,- ասաց Արարատյան Հայրապետական թմի ուսումնական կենտրոնի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը:


Հայ ժողովրդի հոգևոր և ազգային մշակութային ժառանգության մեջ առանձնակի տեղ են գրավում սրբապատկերները, մատյանների գեղարվեստական հարդարանքը՝ մանրանկարչությունը: Այստեղ է, որ արատցոլվում է հայ ժողովրդի գեղարվեստական մտածողության գիծը, շնորհքը: Եկեղեցու սուրբ հայրերը գիտակցել և կարևորել են եկեղեցում սրբապատկերների անհրաժեշտությունը, որպես քրիստոնյայի ներքին աղոթական վիճակի և նրա բարոյական նկարագրի կատարելագործմանը նպաստող պայման: Դրանք քրիստոնյային հոգևոր մխիթարություն են պարգևում և զգաստության և ապաշխարհության կոչ անում:



Ցուցահանդեսը պատվել էր նաև հայագետ, աղբյուրագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր -Կարեն Մաթևոսյանը, ով դրվատանքի խոսքեր ասաց կենտրոնի ուսուցիչների ու սաների մասին. «Մեր մշակույթը շատ հարուստ է: Նրա մեջ շատ շոշափելի, շատ խորը տեղ է գրավում նաև սրբապատկերը, որ մենք ունենք որմնանկարների, մանրանկարչության ձևով, եկեղեցական սրբապատկերների ձևով, որ այսօր մեր եկեղեցիներում կան: Ուրախ եմ, որ մասնակցում են նման ցուցահանդեսի: Առաջնորդարանի այս սրահը բազմաթիվ ցուցահանդեսներ է տեսել: Ես բազամաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել: Հատկապես ինձ համար անմոռանալի դրանից մեկը, որ ճիշտ 25 տարի առաջ է: Սրբազա´ն հայր, դուք էլ կհիշեք, երբ դեռ խորհրդային շունչը կար, ստեղծվեց «Մոմիկ» և քրիստոնեական թեմաներով ստեղծագործող մարդիկ ներկայացրին իրենց գործերը: Դա այն ժամանակ բացառիկ երևույթ էր մի երկրում, որի պաշտոնական քարոզչությունն աթեիստական էր: Այսօր մենք արդեն տեսնում ենք կազմակերպված դպրոց, բազմաթիվ սաներով ու պրոֆեսիոնալ ուսուցիչներով: Նրանք օգտագործում են տարբեր տեխնիկաներ, նկարում տարբեր նյութերի վրա: Ակնհայտ է բարձր վարպետությունը»:



Ցուցահանդեսին իրենց գեղեցիկ կատարումներով ներկայացան նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Նշխար» վոկալ անսամբլը (գեղ. ղեկավար` Հեղինե Օհանյան) և նորաստեղծ լարային քառյակը (գեղ. ղեկավար` Հայկ Մակիյան):

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Exibition Exibition Exibition Exibition Exibition Exibition
Դիտվել է 595 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք