Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ծաղկազարդին նվիրված միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում

Ծաղկազարդ
 

Մարտի 20-ին նշելու ենք մեր Եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը` Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողները կարող են առանց պահքը խախտելու` հաղորդվել:
 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր:  Հրավիրում ենք մասնակցելու Ս. Պատարագին, որի ավարտին կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

 

Ծաղկազարդին նվիրված միջոցառումներն
Արարատյան Հայրապետական թեմում

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում երեխաների համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: 
 

Արդեն ավանդույթ է ձևավորվել, որ Ծաղկազարդին նախընթաց շաբաթվա ընթացքում թեմի քահանաներն այցելում են մանկապարտեզներ ու դպրոցներ և երեխաների համար օրհնության կարգ կատարում:
 

Ձեր ուշադրությանն  ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը:

 

Մարտի 18-ին՝ 11.00-ին, Նուբարաշենի Ս.Նահատակաց եկեղեցում կկատարվի մանուկների օրհնություն: Եկեղեցու բակում  նախատեսվում է միջոցառում հ.95 դպրոցի սաների մասնակցությամբ՝ նվիրված Ծաղկազարդին:
 

Մարտի 19-ին Ս. Ղազարոսի հարության հիշատակության առթիվ Մալաթիայի Ս.Աստվածածին և  Բյուրավանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների  համայնքներն ու երիտասարդաց միությունները ուխտագնացություն կկազմակերպեն Արմավիրի թեմի սրբի անունը կրող եկեղեցի:
 

Մարտի 19-ին՝ 14.00-ին, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միությունը Ս. Զատկի տոնին նախընթաց Արբաթ համայնքի դպրոցում կկազմակերպի ինտելեկտուալ խաղ  եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հովվության տակ գտնվող գյուղերի դպրոցների միջև:
 

Մարտի 20-ին`  հավարտ Ս. Պատարագի, Մանուկների օրհնության կարգից զատ  մի շարք եկեղեցիներում նախատեսվում է երեխաների համար կազմակերպել կավճանկարչության մրցույթներ, ազգային խաղեր և համերգային ծրագրեր:
 

Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու  բակում երիտասարդաց միության կողմից կազմակերպվեն կավճանկարչություն, ազգային խաղեր, եկեղեցու խմբակների աշխատանքների ցուցահանդես- վաճառք:
 

Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու բակում  նախատեսվում է երեխաների համար կկազմակերպել նկարչություն թղթերի վրա, կավճանկարչություն, խաղեր, կլինեն նաև հեքիաթի հերոսներ:
 

Երևանի Ս.Հովհաննես եկեղեցու բակում կիրականացվի Էրեբունի համայնքի հոգևոր դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես – վաճառք:
 

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում նախատեսվում է վարչական շրջանի մանկապարտեզների և տարրական դասարանների երեխաների համար կազմակերպել կավաճանկարչություն:
 

Կաթողիկե Ս.Աստվածածին եկեղեցու բակում ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների սաները:  
 

Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կկազմակերպվի կավճանկարի մրցույթ:
 

Վեդու Ս.Աստվածածին եկեղեցու բակում  կկատարվի համայնքի երեք մանկապարտեզների սաների օրհնություն: Եկեղեցու բակում ելույթ կունենա Սիսավանի պարային համույթը:


Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցու բակում երիտասարդաց միության կողմից կկազմակերպվեն կավճանկարչության մրցույթ, ազգային խաղեր: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր:
 

Արտաշատի Ս.Հովհաննես եկեղեցու բակում  երիտասարդաց միության կողմից կկազմակերպվեն կավճանկարչության մրցույթ, ազգային խաղեր: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր:
 

Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու բակում մանկապարտեզների սաների  համար կկազմակերպվի կավճանկարչություն:
 

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ:
 

Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում  Մանուկների օրհնության կարգից հետո օրհնված խաչեր կբաժանվեն բոլոր փոքրիկներին:
 

Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու բակում կկազմակերպվի համերգային ծրագիր: Ուրախ ժամանցը համայնքի, կիրակնօրյա դպրոցի  և մանկատան սաների համար կշարունակվի մանկական սրճարանում:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 1682 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք